«Վարչական աշխատանքը որքան էլ բարդ է, երաժշտությունից բարդ լինել չի կարող»
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Aravot.am: Կոմիտասի անվան պետկոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանի դիտարկումները
Սոնա Հովհաննիսյանի անունը ավելի քան քառորդ դար նույնացվում է խմբավարի հիմնած «Հովեր» կամերային երգչախմբի հետ, հաճախ էլ անդրադարձ է կատարվում կոնսերվատորիայում պրոֆեսորի մանկավարժական գործունեությանը: Մեկ տարի է՝ նա Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 17-րդ ռեկտորն է: «Առավոտը» Սոնա Հովհաննիսյանից հետաքրքրվեց այս ժամանակահատվածում նրա վարչական գործունեությամբ: Կոնսերվատորիայում, բնականաբար, եղել են ինչ-ինչ փոփոխություններ, արդյոք դրանք պրոֆեսորադասախոսական կազմը եւ ուսանողությունը միանշանակ է ընդունել: Եվ ի վերջո, հե՞շտ է լինել շուրջ մեկդարյա պատմություն ունեցող կոնսերվատորիայի ռեկտոր:
Ներկայացնում ենք ռեկտորի խոսքը առանց միջամտության.
– 2019 թվականը փոթորկուն էր, անսքող եւ պայծառ: Այսպիսի տարի երբեք չէր եղել իմ կյանքում: Եղել են ծայրահեղ ծանր տարիներ՝ հաջողությունների եւ հանդարտ տարիներ, բայց այսպիսին՝ երբեք:
«Հովերիս» մասով՝ պրեմիերաներով եւ մարզային համերգներով, ինչպես նաեւ հաջող տարեվերջյան շրջագայություններով նշանավորվեց 2019-ը: Երգչախումբը իմ «փոթորիկներին» վերաբերվում էր հանդուրժող հայացքով:
Կոնսերվատորիայի հետ կապված ռեկտորի պաշտոնավարմանը ուսանողները վերաբերվեցին կամ միանգամից դրական, կամ՝ բացասական, ըստ անմիջական մասնագիտական դասախոսների ազդեցության: Պրոֆեսորադասախոսական կազմը ինձ գիտեր որպես երաժշտի, ընդունեց տարակուսանքով, հետո՝ սկսեց ուսումնասիրել:
Եղան միանշանակ ողջունողներ եւ կտրականապես չընդունողներ, վախերից ձերբազատվել ցանկացողներ, քծնողներ եւ անտարբերներ: Ինձ ներկայացնելիս հնչած առաջին նախադասությունը այն մասին էր, թե արդյոք տիրապետում եմ վարչական աշխատանքին: Ես կարծում եմ, որ վարչական աշխատանքը որքան էլ բարդ է, բայց երաժշտությունից ավելի բարդ լինել չի կարող: Որքան էլ մեծ էր (հատկապես, երբ հանիրավի սեղմվեցի վարկաբեկող օղակի մեջ) անցյալին գնահատականներ տալու գայթակղությունը, այնուհանդերձ ես ետ չնայեցի, որովհետեւ ինձ ճանաչողները գիտեն, որ երբեք անցյալը տակնուվրա չեմ անի:
Կոնսերվատորիան մեր մշակույթի գանձարանն է եւ այն պիտի ապրի իրեն վայել արժանապատվությամբ:
Ես դեմ եմ ձեւական փոփոխություններին եւ արձանագրում եմ, որ ներկայիս ինձ հետ աշխատող ամենամոտ շրջանակը (պրոռեկտորներ, դեկաններ, ամբիոնի վարիչներ՝ ռեկտորատը) այս տարվա ընթացքում կատարել է խորքային փոփոխություններ:
Կարեւորն այն է, որ մարդիկ իմանան, որ ես երկմտող չեմ եւ, որ հաջողելու ենք միասին:
Իմ կողքին ամեն օր աշխատող մարդիկ ամենակարեւոր արժեքն են ինձ համար: Շատ կարեւոր եմ համարում նրանց չհիասթափեցնելը: Առհասարակ իմ նպատակը օգտակար լինելն է: Ես վստահ եմ, որ հնարավոր է անհնարինը եւ անշրջելի է առաջընթացը՝ ով էլ որ պաշտոնավարի: Պարզապես անձը արագացնում կամ դանդաղեցնում է պրոցեսները: Այսքանը:
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում