Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Չինաստանում հանդես կգա հյուրախաղերով
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ժամանել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, որտեղ հանդես է գալու հյուրախաղերով:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր պրոդյուսեր Արման Պադարյանը Չինաստանում մասնակցել է հյուրախաղերին նվիրված մամուլի ասուլիսին, որը նախաձեռնել է ՉԺՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը:
Պադարյանը կարևորել է նմանատիպ շրջագայության կազմակերպումը: «Շրջագայությունն անցացվելու է Շանհայ, Շենժեն, Ուսի, Չանշույ, Չանչժոու, Լիշույ, Սյամին, Ուհան, Պեկին քաղաքներում և ներառելու է 10 համերգ: Հայ, ռուս և արևմտաեվրոպպացի կոմպոզիտորական դպրոցների գոհարները, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ, հնչելու են այդ համերգների ընթացքում»,-ասել է Արման Պադարյանը:
Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը նույնպես կարևորել է նման շրջագայության կազմակերպումը, որն առավել կամրապնդի երկու բարեկամ ժողովուրդների միջև առկա մշակութային սերտ համագործակցությունը:
Տեղեկացնենք, որ հյուրախաղերը կազմակերպվել են Չինաստանի Armstrong International Music և Անգլիայի Wright Music Management գործակալությունների միջնորդությամբ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ՀԲԸՄ-ի, «Իմ քայլը» հիմնադրամի և այլ բարերարների աջակցությամբ: ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի և նվագախմբի անունից ասուլիսին հնչել է շնորհակալական խոսք՝ ուղղված ՀՀ ԿԳՄՍ նախարարությանն ու շրջագայության բոլոր աջակիցներին:
Armstrong International Music-ի ղեկավար Վրեյ Արմստրոնգն առաձնահատուկ շեշտել է, որ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկը եվրոպական լավագույն կոլեկտիվներից է, որը Չինաստանում հանդես է գալիս առաջին անգամ: Նվագախումբը վստահ է՝ երկուստեք անդրանիկ համագործակցությունը հետագա երկարատև ընկերության սկիզբն է:
Չինացի կլարնետահար Թոնի Շենը շրջագայության ընթացքում կմիանա նվագախմբին՝ Մոցարտի Կլարնետի կոնցերտի կատարումով: Նա մամուլի ասուլիսի ընթացքում հատված ներկայացրեց կոնցերտից՝ իր կատարողական տաղանդով հիացնելով ներկաներին:
Նշենք, որ մամուլի ասուլիսին մասնակցել են Չինաստանի առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներն, ովքեր հնարավորություն են ունեցել իրենց հարցերն ուղղել ասուլիսի մասնակիցներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում