Պարույր Սևակ․ «ԵՐԳ ԵՐԳՈՑ»

Պարույր Սևակ․ «ԵՐԳ ԵՐԳՈՑ»

ԳԼՈՒԽ Ա
…Խնդրեցի զնա՝ և ոչ գտի,
Կոչեցի զնա՝ և ոչ ետ ինձ զձայն…
…Իւղ թափեալ է անուն քո…
«ԵՐԳ ԵՐԳՈՑ»

1.
Գարունն այս անգամ ձմռանը եկավ,
Այն էլ հյուսիսում.
Ես բոլորովի՜ն չէի սպասում,
Ձմեռն այս վկա:
Քեզ չփընտրեցի՛, չըորոնեցի՛
Եվ… գտա հանկա՜րծ,
Ինչպես դու մի օր անունդ ես գտել,
Օ Սուլամի՜թա:
2.
Օ Սո՛ւլ…
Սուլամի՛…
Օ Սուլամի՜թա.
Քո բիբլիական անունն եմ սիրում,
Սիրում եմ, այն էլ բիբլիակա՛ն սիրով,
Որ երբ իր նեղլիկ բառե շապիկն է աշխատում հագնել,
Թվում է հիմա հեթանոսակա՛ն՝
Նույնիսկ անպարկե՜շտ,
Բայց… նրա՛ աչքում,
Ում համար սիրո սրբությունն արդեն
Դարձել է հագուստ տոնակա՛ն օրվա,
Մինչ նա իմ միա՛կ շապիկն է. մսե՜…
3.
Եվ ես սիրում եմ քեզ՝ ամբողջովի՜ն:
Իսկ ի՞նչ ես, ի՞նչ ես դու ամբողջովին,
Եթե ոչ մարմին,
Ու նաև արյուն:
Ւսկ մնացածը՝ բառեր են միայն,
Պա՜ղ-արհեստակա՜ն ու ճապա՛ղ լեզվի
Մի թարգմանությո՜ւն:
Իսկ ես խոսում եմ մայրենի՛ լեզվով՝
Ադամի՛ նման
Ու Եվայի՛ հետ:
4.
Օ Սուլամի՜թա, օ, Սուլամի՜թա.
Մենք, կարծեմ, արդեն խնձորը կերանք,
Քանզի նա, ով որ մտքով է տրվում,
Տրվում է, անշուշտ, մարմնից առավել…
Ո՞ւր է դրախտը,
Եթե ոչ՝ միայն քո թարթիչների հովանու ներքո.
Քո
դեռ փակ
ծոցում,
որի դռները,
Արդեն թակում են
Եվ երկո՜ւ կողմից.
Քո սիրտը՝ ներսի՛ց,
Իմ ձեռքը՝ դրսի՛ց…
5.
Օ Սուլամի՜թա, բա՛ց արա դուռըդ:
Ես քեզ չե՛մ փնտրել, քեզ չե՛մ որոնել,
Չե՛մ էլ հարցըրել ես պահակներից
Քո՝
Իմ չունեցած-չիմացած հասցեն:
Ես ճամփորդի պես,
Ու մոլորվածի,
Հասել եմ դուռըդ,
Որ և բախում է իմ ձեռքը դրսից,
Քո սիրտը՝ ներսից:
Ընդունիր հյուրիդ,
Որ կդառնա տե՛ր,
Բայց նաև՝ ծառա՜…
6.
Եվ թո՛ւյլ տուր խոսել.
Գրկելուց առաջ,
Փարվելուց առաջ,
Թույլ տուր քեզ նայել
Մի փոքըր հեռվից:
Եվ թո՛ւյլ տուր կրկնել՝
Համբույրից առաջ,
Համբույրի նման
Կրկնել անունըդ.
-Օ Սո՛ւլ…
Սուլամի՛…
Օ Սուլամի՜թա…

ԳԼՈՒԽ Բ
…Գեղեցիկ ես իբրև զԵրուսաղեմ…
«ԵՐԳ ԵՐԳՈՑ»

1.
Օ Սուլամի՜թա.
Հապա շու՛ռ արի, որ ես քեզ տեսնեմ:
2.
Գեղեցիկ ես դու, ինչպես բոլորը,
Որոնց սիրում են,
Եվ ո՛չ ավելի ու ո՛չ էլ պակաս:
Ի՞նչդ է գեղեցիկ՝ ուրի՛շը կասի,
Մինչդեռ ինձ համար դու գեղեցիկ ես,
Ինչպես բոլորը, որոնց սիրում են:
Եվ կախարդիչ ես, ինչպես բոլորը,
Որոնց չեն տիրել:
Ե՛վ անսովոր ես,
Քանի որ նոր ես,
Ե՛վ սովորական՝ քանի որ դու Էլ
Երբեք չես կարող չսիրած մնալ:
3.
Դու սև ես՝ ինչպես քո ժողովըրդի դարավոր բախտը,
Եվ սևության մեջ՝ այնքա՛ն լուսավոր,
Որքան լուսավոր անուն է տվել քո ժողովուրդը:
Սև են աչքերըդ՝ իմ աչքերի պես,
Եվ գիտեն նայել այնպե՜ս տրտմորեն,
Որքան տրտում է սիրտըս ա՛յն պահին,
Երբ ինձ թվում է, թե չե՜ս սիրելու:
4.
Սև են վարսերըդ, ինչքան ճերմակ է
Դեռ փակ կուրծքը քո,
Ավելի՛ ճերմակ
Միշտ անհալ ձյունից իմ Արարատի,
Որ փրկեց Նոյին,
Ուրեմըն՝ և քե՛զ,
Ի՛նձ ու… մեր սե՜րը.
Ավելի՛ ճերմակ, քանի որ նրան
Իմ աչքերի պես և ո՛չ մի սև աչք
Դեռ չի ստվերել անգամ հայացքո՜վ:
5.
Մի՛ լինիր այսքան… այսքան սպիտակ.
Բացվի՛ր հայացքիս և աչքերիս դեմ,
Նաև մատների՛ս,
Յուրաքանչյուրը՝ միս դարձած մի շող:
Արևառությո՛ւն ընդունիր մի քիչ
Իմ հայացքի՛ տակ,
Նաև մատների՜ս:
6.
Քո կրծքի նման ճերմակ են նաև քո ատամները:
Եթե պարկեշտ ես՝
Մի՜ ժպտա երբեք…
7.
Օ Սուլամի՜թա.
Այդպես ամաչկոտ շուռ մի՛ եկ ինձնից,
Բայց շիկնի՛ր, շիկնի՜ր,
Որ իմ նեղ խցում
Արևածագի պատրանքն զգամ ես:
Շիկնի՜ր ու թո՛ւյլ տուր,
Որ հետըդ խոսեմ՝
Փարվելուց առաջ.
Փարվելուց առաջ՝
Մի փոքըր հեռվից
Քեզ նայեմ այնպես,
Կարծես առաջի՜ն անգամն եմ տեսնում:
8.
Ա՜խ, այդ քո շիկնած այտերը մաքուր՝
Քո թուխ մազերով լուսապսակված:
Եվ քո շուրթե՜րը…
Ինչո՞ւ է թվում,
Թե քո այտերին – առաջի՛ն անգամ-
Հպվելը նույնքա՛ն դժվար է հիմա,
Որքան որ հնում հավատափոխման – դարձի բերումը,
Եվ քեզ համբուրելն – առաջի՛ն անգամ-
Նու՛յնն է, ինչ մի նոր տաճա՞ր ավերել,
Թե՞ հիմնադըրել մի եկեղեցի…
9.
Քո պարանոցը՝
Ազնիվ մարմարե մի վե՜հ աշտարակ,
Որտեղից – դարե՜ր – մարդիկ են կախվել՝
Ինձ նմաննե՜րը…
Նման երջանիկ կախաղանի դեմ
Ես չե՛մ բողոքում:
10.
Օ Սուլամի՜թա.
Դու ամաչելուց շրջվում ես ինձնից:
Ա՜հ, քո կոնքերը քնար են լարված:
Դու չե՞ս կամենում, որ ամբողջ գիշեր
Քնարը հնչի,
Որ իմ մատները ողջ գիշերն ի լույս
Սաղմոսնե՜ր երգեն.
«Օ Սու՛լ…
Սուլամի՛…
Օ Սուլամի՜թա…»:
11.
Օ Սուլամի՜թա.
Տեսնո՞ւմ ես, թե քեզ ինչպես եմ սիրում.
Առասպելական քո նախապապի՝
Սողոմոնի՛պես:
Նրա արյունից մի՞թե մի կաթիլ
Հորձանք չի տալիս քո երակներում:
Որտեղի՞ց հապա
Նրա արյունը օտարի՛ս սրտում՝
Ի՛մ սրտում, որ քեզ
Սիրում է այսպես՝
Աստվածաշնչյան ա՛յնտեսակ սիրով,
Որ երբ իր բառե շապիկն է հագնում,
Թվում է այսօր հեթանոսական՝
Նույնիսկ անպարկե՜շտ,
Բայց… նրա՛ աչքին,
Ում համար սիրո սրբությունն արդեն
Դարձել է հագուստ տոնակա՛ն օրվա:
Իսկ նա իմ միա՛կ շապիկն է. մսե՜:
12.
Ես քեզ սիրում եմ քո նախապապի՝
Սողոմոնի՛ պես,
Որ մի արքա էր,
Մինչդեռ ես…
Գիտե՞ս,
Ես ինչ-որ չափով նու՛յնպես արքա եմ:
Ո՛չ նրա համար, որ ունեցել եմ
Հարճեր ու կանայք,
Ո՛չ էլ նրանով, որ ես կարող եմ
Երգ երգոց թողնել:
Եթե ինձ համար թագուհի ես դու,
Ի՞նչ եմ ե՛ս հապա,
Ինչպե՞ս ի՛նձ կոչել, եթե ոչ արքա,-
Այլ կերպ չի՜ լինում.
Թագուհիները ե՞րբ են պատկանել մանկլավիկների…

ԳԼՈՒԽ Գ
Մուծէք ինձ ի տուն գինւոյ…
Վասնզի խանդակաթ եմ սիրով…
«ԵՐԳ ԵՐԳՈՑ»

1.
Երուսաղեմում երբևէ չեղած աղջիկնե՛ր խարտյաշ,
Դուստրե՜ր Հյուսիսի.
Ի՛նձ էլ սնուցեք կազդուրիչ գինով,
Քանի որ սիրուց ես նվաղում եմ
2.
Ես նվաղում եմ, իսկ կրծքիս ներքո
Կախված է նաև ծանրաքար մի բեռ՝
Սեփական սի՜րտըս:
Նա ծա՜նր է դարձել,
Եվ… ծանըր այնքա՛ն,
Որ հազիվ մի ցուլ իր մեջքին տանի:
Իսկ մինչև անգամ եթե ցուլ եմ ես,
Այդ բեռը գոնե մեջքի՛ս չեմ կրում,
Որ դյուրին լիներ.
Այդ ծանրությունը ներսումս է կախված:
Երուսաղեմում երբևէ չեղած խարտյա՛շ աղջիկներ,
Ինձ էլ սնուցեք կազդուրիչ գինով,
Քանի որ – տեսե՜ք – ճկվում եմ արդեն
Սեփական սրտիս ծանրության ներքո:
3.
Երուսաղեմում երբևէ չեղած խարտյա՛շ աղջիկներ,
Դուստրե՜ր Հյուսիսի.
Երուսաղեմում երբևէ չեղած
Երուսաղեմի դուստրը սևահեր
Ւ՛նձ չի պատկանում:
Նա կա և չկա՝ ինչպես երկինքը,
Իմն է – իմը չէ՝ ինչպես որ ինքը…
4.
Ողջ գիշերն ի լույս իմ մահճակալին
Փնտրում եմ նրան, չեմ գտնում սակայն:
Ողջ ցերեկն ի բուն իմ նեղ սենյակում
Կանչում եմ նրան, և ձայն չի տալիս:
Եվ դուրս եմ գալիս,
Որ փողոցներու՛մ որոնեմ նրան:
5.
Երուսաղեմում երբևէ չեղած աղջիկնե՛ր խարտյաշ,
Դուստրե՜ր Հյուսիսի.
Երուսաղեմում երբևէ չեղած
Երուսաղեմի դստերն եմ փնտրում,
Փնտրում եմ նրան ես փողոցներում,
Փնտրում եմ նրան նաև ձեր դեմքին,
Գտնում եմ մի մա՛ս, մի նշու՛յլ, մի շո՛ղ,
Իսկ իրեն՝ բնա՜վ:
6.
Երուսաղեմում երբևէ չեղած խարտյա՛շ աղջիկներ.
Թե պատահաբար հանդիպեք նրան՝
Երուսաղեմի թխահեր դստեր,
Ի՞նչ պիտի ասեք:
Երդվեցնում եմ ձեզ. ասացեք նրան,
Որ ես հիվանդ եմ կարեվեր սիրով:
7.
Ասացեք նրան, որ սիրում եմ ես
Նրա անծանոթ մորը սիրելի,
Նրա դարավոր արյունն եմ հարգում,
Ինչպես հարգում են հղիությունը:
8.
Երդվեցնում եմ ձեզ. ասացեք նրան,
Որ սերն իմ հին է ու վաղընջական՝
Իր բազմադարյան
Հրեական արյան
Եվ նոր՝
Նոր զարթնած իր սրտի՛ նման,-
Հին ու նոր՝
Ինչպես առավոտն ինքը:
9.
Դուք լսո՞ւմ եք ինձ, խարտյա՛շ աղջիկներ:
Դուք գիտե՞ք արդյոք, թե ի՞նչ եմ ուզում,
Որ ասեք նրան՝ այդ սևահերին:
Երդվեցնում եմ ձեզ, ասացե՛ք նրան.
Ուզում եմ լինի նա սերն իմ վերջի՛ն,
Իսկ ես էլ՝ նրա առաջի՜ն սերը:
10.
Երուսաղեմում երբևէ չեղած աղջիկնե՛ր խարտյաշ.
Թե իմ փոխարեն դուք պատահաբար հանդիպեք նրան՝
Երուսաղեմի մրահոն դստեր,
Ասացեք, որ նա մի փակ այգի է,
Այգու մեջտեղում՝ դռնփակ հնձան,
Բուրող հնձանում՝ եռացող գինի,
Իսկ դուք, բարիներ, սնուցում եք ինձ
Ուրի՜շ մի գինով,
Որպեսզի սիրո անհագ ծարավից
Ես չնվաղեմ:
11.
Երդվեցնում եմ ձեզ. ասացեք նաև,
Որ եթե հանկարծ նա ինձ որոնի,
Եթե իմ դուռը նա բախի հետո,
Եվ նույնիսկ կանչի՜,
Ինձ ձա՛յն տա սիրով՝
Կլսի միայն
Իր խզվող ձայնի արձագանքը թույլ.
Կյանքի և սիրո եզերքին ընկած
Խեցին կա՛,
Սակայն…
Անփոփոխ խեցու խեղճ բնակիչը
Հափշտակված է օտար գազանից
Եվ կամ թաղված է իր քարե բնում…
12.
Երուսաղեմում երբևէ չեղած աղջիկնե՛ր խարտյաշ.
Թե հանկարծ տեսնեք Երուսաղեմի սևակըն դստեր,
Ավելացըրեք,
Որ առայժըմ ես ննջում եմ անուժ,
Բայց դեռ արթուն է սիրտըս նվաղուն:
Թող նա շտապի՛,
Թե չէ՝ կուշանա՜,
Թե չէ՝ կլսի
Ոչ թե իմ կանչը,
Այլ վերջին ճի՜չը…

ԳԼՈՒԽ Դ
Ահեակ նորա ընդ գլխով իմով, և՛ աջ
նորա պատեսցէ զինև…
«ԵՐԳ ԵՐԳՈՑ»

1.
Եվ դու չուշացա՛ր.
Դու շտապեցի՜ր,
Իմ Սո՛ւլ…
Սուլամի՛….
Իմ Սուլամի՜թա…
2.
Իմ Սուլամի՜թա.
Եկար վազեվազ՝
Եռամսյա կայտառ զամբիկի նման,
Եվ զամբիկի պես գեղեցիկ՝ եկա՜ր:
3.
Եկա՛ր … և իսկույն, իմ Սուլամի՛թա,
Հազարամյակներն իմ ու քո միջև ասես ջնջվեցին…
Ես այգի չունեմ,
Որ հիմա քեզ պես դալար վազերից
Կողերիդ համար մահիճ պատրաստեմ:
Ես այգի չունեմ… և այգի՛ս չեկար:
4.
Մայթե՛ր կան հիմա
Ու գորշ քաղաքնե՛ր,
Շենքե՛ր բազմահարկ,
Նրանցից մեկում՝
Սենյակ մի նեղլիկ:
Դու այնտե՛ղ եկար:
5.
Եկար փարվեցիր՝
Քո ամբողջությա՜մբ:
Մամուռն է այդպես քարերին փարվում,
Եվ արշալույսի գույները՝ երկնին:
Ու ես այդ պահին զգայուն էի՝
Ինչպես քո մա՛շկը,
Եվ մաքուր էի՝
Ինձ վրա հառված հայացքի՛դ նման:
6.
Եվ դու բացվեցի՜ր…
Այդպես բացվում է մահճում երեխան,
Մթնում՝ ծաղիկը:
Ու ես այդ պահին՝
Քո անմեղության բույրերից արբշիռ՝
Մոռացա իմ ողջ անցյալը հարուստ
Ու երջանկացա իմ… աղքատությա՜մբ:
7.
Ու տրվեցի՜ր դու՝
Ծնվելով նորից:
Այդպես տրվում է հողն արմատներին,
Իր հունին՝ ջուրը:
Ու ես հասկացա, որ ես ո՛չ մի տեղ
Այնքան չեմ զգում իմ գոյությունը,
Որքան քո՛ գրկում:
8.
Ես այլ բան չէի,
Քան մի ապակի,
Որ թափանցիկ է – լույսը չի բեկում:
Եկար ու նրան ամալգամ դարձար,
Եվ ինձ դարձըրիր դու մի հայելի,
Ուր անդրադարձավ սերըդ երփներանգ…
9.
Իմ սերերն իրար և՛ նմա՛ն էին,
Ե՛վ նման չէին,
Ինչպես աշխարհի մեծ քաղաքները:
Եկավ սերը քո
Եվ ծննդավա՜յր դարձավ ինձ համար…
10.
Իմ Սո՛ւլ…
Սուլամի՛…
Իմ Սուլամի՜թա:
Գիշերը կարծես իր սկիզբն առավ
Քո թուխ վարսերից
Ու ծավալվելով՝
Վերըստին եկավ խառնըվեց նրանց.
Երկինքը նորից
Զբաղվեց աստղեր տեղաշարժելով,
Բայց մենք չտեսանք ո՛չ այս, և ո՛չ այն.
Քո գլխի տակ էր իմ ձախը դրված,
Եվ քո մեջքն էի պատել իմ աջով.
Չկա՛ր ժամանակ,
Չկա՛ր նաև միտք.
Կար շնչառությո՛ւն,
Որ շատ էր նման
Օվիանոսների տուրևառությա՜ն…

ԳԼՈՒԽ Ե
…Ես ննջեմ, և սիրտ իմ արթուն կայ…
Դիր զիս իբրև զկնիք ի վերայ սրտի
Քո… վասնզի հզոր է իբրև զմահ սէր…
«ԵՐԳ ԵՐԳՈՑ»

…Լաւ են երկու, քան զմի… զի եթէ
ննջեսցեն երկուք՝ ջեռուցանեն
զմիմեանս, իսկ մին՝ զիա՞րդ ջեռուցու…
«ժՈՂՈՎՈՂ»

1.
Իմ Սո՛ւլ…
Սուլամի՛…
Իմ Սուլամի՜թա…
Ես այլ բան չէի,
Քան մի ապակի,
Որ թափանցիկ է – լույսը չի բեկում:
Եկար ու դարձար նրան ամալգամ,
Եվ ինձ դարձըրիր դու մի հայելի,
Ուր անդրադարձավ սերըդ երփներանգ:
Հիմա դու չկա՜ս,
Ու ես վերըստին
Ահա հայելուց ապակի դարձա՝
Մի սովորակա՜ն-աննե՜րկ ապակի,
Որ թափանցիկ է – լույսը չի բեկում…
2.
Ինձ արդեն վաղո՜ւց այնպես է թվում,
Թե ես ննջում եմ, իսկ սիրտս արթուն է:
Եվ փնտրում եմ քեզ,
Սակայն չեմ գտնում,
Ու կանչում եմ քեզ,
Բայց ձայն չես տալիս.
Տարածություն է ընկած մեր միջև
Ինչպես մի սահմա՛ն,
Որ բաժանում է
Երկու թշնամի երկիր մեկմեկուց:
Իսկ մենք – թշնամի՞…
3.
Գարունը նորից
Իր վտանգավոր քարոզն է կարդում,
Կոչեր է անում ինչ-որ նոր սիրո,
Եվ չի հասկանում,
Որ վտանգավոր իր քարոզի դեմ
Թե ես արթուն եմ՝ իմ սիրտն է քնած:
4.
Հեռու ես, հեռո՜ւ,
Ու ձայն չես տա ինձ՝ որքան էլ ձայն տամ:
Գիտե՛մ, որ չկա՜ս,
Ու չե՜մ գտնի քեզ՝ որքա՛ն էլ փնտրեմ:
Բայց… մի՞թե սրտին բան կհասկացնես:
Նորից ակամա ելնում եմ փողոց,
Սանրող հայացքով իմ շուրջն եմ նայում:
Մայթերը լի են ժպիտ-ծիծաղով,
«Ներողություն»-ով ու «համեցեք»-ով,
«Ցտեսություն»-ով ու «բարև»-ներով.
Բոլո՛րն այստեղ են – իրենց տեղերում,
Միայն դո՛ւ չկաս – իմ սիրտն է թափուր…
5.
Եվ նո՜ր հասկացա,
Որ ես էլ, գիտե՞ս, ես էլ եմ նախանձ:
Նախանձում եմ ես սիրող զույգերի՜ն,
Շրջում են գրկված, ձեռք-ձեռքի, կիպ-կից:
Մենակ եմ լոկ ե՛ս.
Դո՛ւ չկաս, լոկ դո՜ւ:
6.
Ձեռքիս ափերը հալվել են ուզում:
Ո՞ւր է կրակը.
Քո ձե՜ռքը չկա:
Մատներս ուզում են լույս ու շող հունցել.
Ո՞ւր են ուսերըդ,
Եվ լանջըդ ո՞ւր է:
7.
Եվ ամենուրեք ծաղիկ են ծախում,
Սիրա՛ծ ծաղիկըդ:
Ես ո՞ւմ նվիրեմ:
8.
Հեռախոսային խցերն ազատ են,
Եվ խոսափողի կեռերը բոլոր
Չորս կողմից ինձ են հարցական նայում:
Ո՞ւմ զանգահարեմ, եթե դու չկաս:
9.
Ու ես պատված եմ
Մեր անցած օրվա հուշերով այնպես,
Ինչպես Պոմպեյը՝ սառած լավայով:
10.
Եվ ինձ վրա են լույս ու ստվերըդ՝
Ա՛յժըմ և ընդմի՜շտ:
Ա՛յժըմ և ընդմի՜շտ
Այդ քո ստվերից ու լույսից՝ արդեն
Շերտավոր եմ ես,
Ինչպես հովազը:
11.
Ա՜խ, երանի՜ թե
Իմ տառապանքը բռնագըրավեն
Եվ անմիջապես հանեն աճուրդի՝
Ցանկացա՜ծ գնով:
Եվ ո՜ւր էր հանկարծ ձերբակալեին
Ու տային դատի
Կարոտ հորջորջված այս հանցապարտին:
Իսկ այս հուշե՜րը,
Որ կենդանի են կենդանի մարդուց,
Ինչո՞ւ չեն կարող
Հանկարծ ենթարկվել ավտոաղետի…
12.
Իմ Սո՛ւլ…
Սուլամի՛…
Իմ Սուլամի՜թա.
Առանց քեզ ապրելն այնքան է հիմա
Անհասկանալի ու տարօրինակ,
Որքան սառույցի կամ ձյունի վրա
Վառվող խարույկը:
Ու ես ապրում եմ՝
Այդպե՛ս վառվելով:
13.
Դու կարծես չկաս
Ու չես լինելու,
Այլևս ինձ համար մեռած ես կարծես:
Սակայն ես գիտեմ,
Որ դու անմահ ես,
Ինչպես անմահ է կրակն աշխարհում.
Այստեղ կհանգչի,
Կվառվի այլուր:
Եվ դու – ինձ համար – չե՜ս մեռնի երբեք,
Ինչպես չի մեռել
Քո նախա-նախա-նախամայրիկը,
Որ քո սիրելի անունն էր կրում,
Իմ Սուլամի՜թա:
14.
Եվ ուզում եմ ես փորձըս մոռանալ,
Ահավոր փորձը իմ ամբո՜ղջ կյանքի,
Եվ ի հակառակ՝ անկասկա՛ծ ասել
Որ կմոռանա շունը տիրոջը,
Ծառն՝ իր ծաղկելը,
Ցուլն՝ իր բառաչը,
Եվ ժամապահն՝ իր նշանաբանը,
Սակայն ո՛չ ես՝ քե՜զ,
Իմ Սո՛ւլ…
Սուլամի…
Իմ Սուլամի՜թա…

XII.957թ.
V.1960թ.
Մոսկվա

Հետևեք մեզ նաև Telegram-ում