Աիդա Հարությունյան. Հատող լռության պատասխանը

Աիդա Հարությունյան. Հատող լռության պատասխանը

Երբ կյանքն ավարտվում է,
այն կյանքը,
որի համար ապրում էիր,
ո՞ւր ես գնում:
Էնն Սեքսթըն

Սա հատող լռության պատասխանն է,
որը մենք չենք կարողանում թարգմանել,
որ փորձում է ապակու կտորների պես
գետնից հավաքել սառնությունը
և սրբել կործանումն անձեռոցիկով:
Կյանքը չավարտված վիրահատություն է,
իսկ մենք վաղուց արթնացել ենք անզգայացումից,
աշխարհը հիմա ապրում է առանց քեզ,
որքան էլ անհավատալի է,
անիվները պտտվում են,
մի քանի զույգ ոտքեր գնում են
նույն և տարբեր փողոցներով,
խանութներում վաճառքը չի դադարել,
իսկ դու չես կարողանում հաղթահարել
ջուրը, որ պատահական ավտովթարի պես
կանգնել է կոկորդիդ,
որովհետև սառույցը չի հալվում
և չի իջնում կոպերիդ տակ
ծովից փոխառած կաթիլներով:
Նա կարող էր լինել անտառի՝
քարին նվիրված պատմությունը,
բազմաձայն և հասկանալի աղմուկը
չկառավարվող մայթերի,
շրջադարձ դեպի ուրիշ փողոց,
վառում ես ծխախոտը նոր սկսվող ոտնահետքերը
դանդաղ սպանելու մտադրությամբ,
գլանակի կեսին հասած մոխիրը
ծանրությունից ճկվելով կընկնի,
իսկ նրան կշարունակի հուզել այն հարցը,
թե ինչու չի ավարտվում այն գիծը,
որ տանում է մարդկությանը՝
ուղիղ, ուղիղ, հավասար,
հետո մեկը վերցրեց գծողի ձեռքից քանոնը,
ծուռ գծեր, ալիքներ, ոլորաններ,
չափազանց շատ, չկտրվող, միապաղաղ,
երազների պես:
Մի՛ վախեցիր, ժամանակը կհիշի պատկերները,
որ ապրել ես,
երևի,
և հնարավոր է, որ մահը
մի հեռացող ձեռք է, որ վերջին անգամ
սահեցնում է մատը կզակիդ փոսի վրայով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում