«Վաստակավոր գործիչ Արմենչիկ…արդեն իր բեմական կեղծանունը չի համապատասխանում որեւիցե պետական կոչմանը». ԱԺ-ում քննարկում են պետական մրցանակների հարցը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, Aravot.am: Այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի հարցերով հանձնաժողովի նիստում քննարկվեց ՀՀ պետական մրցանակների մասին օրենքի նախագիծը:
Արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանն ասաց, որ պետական 10 մրցանակ է նախատեսվում՝ գրականության եւ հրապարակախոսության ոլորտում, երաժշտության եւ կատարողական արվեստների ոլորտում, կերպարվեստի ոլորտում, թատերական արվեստի ոլորտում, կինոարվեստի ոլորտում, ճարտարապետության եւ քաղաքաշինության ոլորտում, ճշգրիտ եւ բնական գիտությունների ոլորտում, հումանիտար եւ հասարակական գիտությունների ոլորտում, առանձին միջազգային գիտական մրցանակ է նախատեսվում Վիկտոր Համբարձումյանի անվան՝ աստղաֆիզիկայի, ինչպես նաեւ դրան հարակից ֆիզիկայի, մաթեմատիկայի բնագավառներում: Ինչպես նաեւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար մրցանակ է լինելու: Հանվում են կառավարության որոշումով նախատեսված կրթական մրցանակները, ինչպես նաեւ ֆիզկուլտուրայի հետ կապված մարզական գյուղ, մարզական քաղաք մրցանակները, որովհետեւ կառավարության այլ որոշումներ կան դրանց հետ կապված:
«Իմ քայլի» պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանին դուր չեկավ, որ սպորտը դուրս է մնում:
Իսկ հարակից զեկուցող, «Իմ քայլի» պատգամավոր Արթուր Մանուկյանը, որը ձեռնպահ քվեարկեց նախագծին ու կոշտ քննադատեց պետական մրցանակների հետ կապված մոտեցումները: Նա նախ ասաց, որ երբ մրցանակները սահմանում ես, անգամ պիտի որոշես, թե այդ օրը ինչ ճաշատեսակներ պետք է հրամցվեն հյուրերին ինչ գույնի գորգ պետք է լինի սենյակում, ինչ գույնի հագուստով պետք է դիմավորեն մրցանակակիրներին, այդ երեկոյի ընթացքում ինչ երաժշտություն պետք է լինի, եթե մեդալի տեսքով է, մրցանակը որտե՞ղ պետք է կախվի՝ աջ կողմում, թե ձախ եւ այլն. «Ճիշտն ասած, ես սրա կարեւորությունը չեմ հասկանում, բայց զգացել եմ, որ նշանակալից մարդկանց համար, որպես օրինակներ ընկալելու, պետությունը նրանց որպես օրինակ ցուցադրելու խնդիր է լուծում: Կուզենայի, որ այս խնդիրը լուծեն օբյեկտիվության մեծ սահման ունեցող մարդիկ: Նախագծով կառավարության գործը չի թեթեւանում, պետք էր չափանիշները սահմանել, հանձնաժողովի խնդիրը լուծվեր, այդ մարդիկ կկարգավորեին: Ամեն ինչ մնում է կառավարության վրա: Ասում եք՝ «Սինոփսիսը» մրցանակ է ուզել տալու, վաղը ուրիշ մարդ է ուզելու, որեւէ կազմակերպություն պետական մրցանակ չի կարող տալ, ինքը կարող է տալ իր կազմակերպության մրցանակը: Հանձնաժողովի 9 անդամներից 3-ը թող լիներ կառավարությունից, երեքը՝ ԱԺ-ից, երեքը՝ ոլորտի մարդկանցից: Ես քանի որ քաղաքական գործունեությունս նոր եմ սկսել, վախվորած կլինեմ էստեղ, ձեռնպահ կքվեարկեմ, իրականում ես դեմ եմ»:
Արթուր Մանուկյանը նաեւ ասաց. «Մենք ունենք վաստակավոր գործիչ Արմենչիկ: Արդեն իր բեմական կեղծանունը չի համապատասխանում որեւիցե պետական կոչմանը, ասենք, Արմենչիկը չի կարող լինել, նա չի կարող լինել բարձրադիր»:
Առաջարկվեց, որ հասարակությանը նույնպես ձայնի իրավունք տան՝ որոշելու, թե ով է արժանի պետական մրցանակի: Արթուր Մանուկյանը դեմ էր, ասաց, որ, օրինակ, երգչի համերգի տոմս գնելով՝ նա արդեն իր կարծիքը հայտնում է, բայց, օրինակ, աստղաֆիզիկայի ոլորտում հասարակությունը չի կարող որոշում կայացնել:
Հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն ասաց, որ պատգամավորները որեւէ կաշկանդվածություն չունեն նախագիծը հետ ուղարկել, այսօր վերապահումով կողմ քվեարկեցին, բայց ասացին,որ չի բացառվում, որ այն նաեւ չընդունվի ընդհանրապես, կախված է քննարկումից:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում