Ա. Հարությունյանն ու ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը քննարկել են հանքարդյունաբերության ոլորտին առնչվող հարցեր

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն այսօր ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Ջեյն Լիչին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով դեսպանին’ նախարար Հարությունյանը ներկայացրել է Բնապահպանության նախարարության կառուցվածքը և գործառույ թները:

Դեսպան Լիչը շնորհավորել է նախարարին բնապահպանության նախարարի պաշտոնում վերանշանակման կապակցությամբ և ընդգծել նախարարության աշխատանքների կարևորությունը շրջակա միջավայրի պահպանության գործընթացում: «Հայաստանը ունի շատ գեղեցիկ բնաշխարհ, որը ես դեռ նոր եմ բացահայտում»,- նշել է դեսպանը: Մեծ Բրիտանիայի դեսպանը խոսել է Ամուլսարի ոսկու կորզման հանքավայրի մասին և խնդրել նախարարից օժանդակել ներդրող կազմակերպությանն այդ հարցում:

Կողմերը երկուստեք ընդգծել են հանքարդյունաբերության արդյունքում բնապահպանական վնասի նվազեցման մեխանիզմների կատարելագործման անհրաժեշտությունը: Նախարար Հարությունյանը մասնավորապես ընդգծել է Ամուլսարի ոսկու կորզման հանքավայրի շուրջ ընթացող գործընթացների կարևորությունը և նշել, որ հետագա զարգացումները պետք է ապահովեն Ջերմուկ առողջարանային քաղաքի, Սևանա լճի, և առհասարակ հարակից տարածքների ջրային ավազանի ու կենսաբազմազանության պահպանման համար միջազգային ստանդարտներին համապատասխան պայմաններ: «Մենք առաջնորդվում ենք կանաչ տնտե? ?ության գաղափարախոսությամբ, և յուրաքանչյուր բնապահպանական ծրագիր, այդ թվում և Ամուլսարի նախագիծը, պետք է լինի անթերի»,- ընդգծել է նախարար Հարությունյանը:

Դեսպանի խոսքով շատ կարևոր է, որ կողմերը հասկանում են ծրագրի իրականացման կարևորությունը, սակայն պետք է բոլոր ճանապարհները օգտագործել, որպեսզի ծրագիրը լինի անխոցելի:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև էկոզբոսաշրջության կազմակերպման մասին հարցեր: Նախարարը դեսպան Լիչին նվիրել է Հայաստանի բույսերի և կենդանիների կարմիր գրքերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում