Հայ կոնյակագործների ապրանքային նշանը հիմնականում Արարատ լեռն է

Հայաստանում ապրանքային նշանի հայտ ամենից շատ ներկայացվում է դեղագործական ոլորտում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գործակալության ապրանքային նշանների ու արդյունաբերական նմուշների բաժնի պետ Նունե Եգանյանը: «Ապրանքային նշանի հայտեր ստացվում են հանրային սննդի, ծառայությունների մատուցման ոլորտներում, մասնավորապես, ռեստորանների, սրճարանների, վե րջերս նաև բավականին ակտիվացած ֆուրշետային ծառայություններ առաջարկող կազմակերպությունների կողմից»,-ասաց Նունե Եգանյանը: Այդպիսի ակտիվացումը նա բացատրում է նրանով, որ ընկերությունները շուկա մտնելու խնդիր ունեն և ընտրում են ականջին և աչքին հաճո անվանումներ ու պիտակներ, որոնք օգտագործվում են հետագա գովազդային արշավների ժամանակ մարդկանց կողմից ճանաչվելու և մեծ քանակով սպառվելու նպատակով:

Ապրանքային նշաններում հիմնականում օգտագործվող խորհրդանիշերը բազմազան են. այն, ինչ կարող է մտածել մարդկային երևակայությունը: «Փորձում են իրենց մատուցած ծառայության և ապրանքին համապատասխան սիմվոլներ ընտրել»,-հավելեց Նունե Եգանյանը: Դեղագործական ոլորտում, օրինակ, ընտրում են բառային նշաններ, որոնք էլ զետեղվում են դեղերի տուփերի վրա:

Նունե Եգանյանը ուշադրություն հրավիրեց այն հարցի վրա, թե ինչ չի կարելի տեղադրել ապրանքային նշաններում. պետական զինանշաններ, դրոշներ եւ խորհրդանիշեր, պետությունների պաշտոնական անվանումներ, միջազգային կազմակերպությունների լրիվ կամ կրճատ անվանումներ, պաշտոնական խորհրդանիշեր, պաշտոնական վերահսկողական, երաշխիքային եւ հարգորոշիչ դրոշմներ, կնիքներ, պարգեւներ եւ այլ տարբերանշաններ կամ թվարկվածներին շփոթելու աստիճան նման նշաններ: Չի կարելի կիրառել նաև ազգային մենթալիտետին, բարոյական արժեքներին հակասող սիմ? ?ոլներ, արտահայտություններ: Նա որպես օրինակ նշեց գլխատող դահիճի կերպարանքը, սակայն հավելեց, որ ապրանքային նշանի նման դեպքեր, բարեբախտաբար, դեռ չեն առաջարկվել Մտավոր սեփականության գործակալությանը:

Հարցին, թե ինչպիսին է մոտեցումը արտահանվող արտադրանքի ապրանքային նշանների դեպքում, Նունե Եգանյանը նշեց. «Քանի որ հիմնական արտահանվող ապրանքատեսակը կոնյակն է, գերակշռում է մուգ դարչնագույնը, խաղողի ողկույզը, նաև Մասիս սարի պատկերը»: Արտասահմանում Հայաստանի վերաբերյալ որոշակի կերպար ձևավորելու ուղղությամբ արտահանող ընկերությունների առջև չեն դրվում պահանջներ, քանի որ ապրանքային նշանի մասին օրենքով նշանի ընտրությունը թողնված է դրա իրավատիրոջ ստեղծագործականությանը:

Տարեկան Մտավոր սեփականության գործակալությունն ազգային ընթացակարգով ստանում է 1800 ապրանքային նշանի գրանցման հայտ, իսկ միջազգային ընթացակարգով’ 3000: Հայկական ապրանքների դեպքում, ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, մերժումներն անհամեմատ քիչ են’ ի տարբերություն միջազգային հայտերի մերժումների, որոնց թիվը հասնում է 500-ի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում