Նիկոլ Փաշինյանի ուղղակի հրահանգով ՀՔԾ պետը հերթական քաղաքական հետապնդումն է նախաձեռնել. Նարեկ Սամսոնյան (տեսանյութ)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղակի հրահանգով ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հերթական քաղաքական հետապնդումն է նախաձեռնել՝ իր հանցակիցը դարձնելով ՀՔԾ քննիչ Լեռնիկ Ստեփանյանին: Այս մասին ՀՔԾ-ում վկայի կարգավիճակով հարցաքննվելուց հետո՝ լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը:
Նա նշեց, որ քննիչը պաշտոնեական կեղծիք է կատարել՝ իր պատասխանների մի հատվածը չներառելով ցուցմունքում:
«Գործի քննությունը քննիչի մոտ բավականին խայտառակ շրջադարձ ունեցավ վերջին րոպեներին: ՀՔԾ-ն հաստատեց իմ կողմից ասված գրեթե բոլոր տեղեկությունները: Իմ խորին համոզմամբ՝ ողջ ընթացքը վերահսկվում էր ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի կողմից: Քննիչը պարտավոր էր արձանագրել իմ տված պատասխանները, բայց ինչ-որ պահից նա դուրս եկավ սենյակից՝ մոտ 7-10 րոպե բացակայեց, ինչից հետո եկավ նոր հարցերով: Քննիչը պաշտոնեական կեղծիքի միջոցով իմ կողմից տրված պատասխաններն արձանագրել էր սկզբում, տպելուց առաջ ջնջել էր, հետո՝ տպել: Նման աբսուրդ մոտեցում ես երբեք չեմ տեսել»,- մանրամասնեց Սամսոնյանը՝ նշելով, թե հարցաքննությունը վերաբերում էր վարչապետի ընտանիքի համար գնվող խավիարի մասին՝ իր արած գրառմանը:
«Իմ ցուցմունքում ասել եմ, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը քաղաքականությամբ է զբաղվում, և նա պետք է ենթարկվի պատասխանատվության, ես չունեմ արժանահավատություն ՀՔԾ-ի ու Սասուն Խաչատրյանի նկատմամբ: Այս հատվածն էլ հանվել էր ցուցմունքից»,- նշեց Սամսոնյանը՝ ընդգծելով, որ փաստաթղթի տակ չի ստորագրել:
«Մենք հրաժարվեցինք այլևս մասնակցել որևէ գործողության, որովհետև գործ ունեինք պաշտոնեական կեղծիք կատարած քննիչի հետ: Պաշտոնապես հայտարարում եմ՝ սա ուղղակիորեն քաղաքական հետապնդում է, որի հիմնական նպատակն է որևէ ձևով սահմանափակել իմ խոսքի ազատությունը, ինձ որևէ ձևով մեկուսացնել»,- ասաց նա:
Հարցին՝ գործով մեղադրյալ կա, Սամսոնյանը պատասխանեց, թե տեղյակ չէ. «Գործով կարող է լինել մեկ մեղադրյալ, որը բավականին բարձրաստիճան պաշտոնյա է»,- հավելեց Սամսոնյանը:
Նա նաև հայտնեց, թե քննիչից սպառնալիք է ստացել, որ դու դատվելու է: Ինչին ի պատասխան՝ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավարը հակադարձել է, որ քննիչն է դատվելու, քանի որ կատարել է պաշտոնեական կեղծիք:
Վերջինս նշեց նաև, որ իրեն չեն կարող ստիպել աղբյուր բացահայտել, քանի որ նա նաև լրատվամիջոցի ներկայացուցիչ է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում