ԱԱԾ-ն հերքում է «Հայկական ժամանակ» օրաթերթի հրապարակած տեղեկատվությունը

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով հերքում է «Հայկական ժամանակ» օրաթերթում լույս տեսած ««Զմեյը» «Հայկական Ջեյմս Բոնդ»» հոդվածում տեղ գտած տեղեկությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ’ ԱԱԾ մամուլի կենտրոնի տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

«Հայկական ժամանակ» օրաթերթի հունիսի 26-ի համարում ««Զմեյը» «Հայկական Ջեյմս Բոնդ»» հոդվածում հիշատակված է Բելգիայում բնակվող ոմն Աշոտ Օ-ն, որը ներկայացված է իբր ԱԱԾ գործակալ «Զմեյ» ծածկանունով և իբր «ժամանակին ավտոմեխանիկի հաստիքով ընդունվել է ԱԱԾ»:

Այդ և բերված այլ «փաստերը», որտեղ հիշատակվում է ԱԱԾ անունը ուղղակի ծիծաղ են առաջացնում և վկայում են այն մասին, որ գործ ունենք ոչ թե մասնագիտական անպարտաճանաչության ու անգրագիտության, այլ ավելի վտանգավոր երևույթի հետ. ակնհայտ է պետական կարևորագույն կառույցի վարկաբեկելու, նրա հանդեպ հանրության վստահությունը խարխլելու և ընթերցողին մոլորեցնելու միտումը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում