Հատուցեք յուրաքանչյուրին իրենց պարտքերը
Նմանատիպ
– Հա՛յր, երբ մենք ինչ-որ բան ենք գնում վանքի համար, որոշ վաճառողներ հրաժարվում են ապրանքագիր դուրս գրել*: Ի՞նչ է պետք անել նման դեպքերում:
– Նրանք միշտ պետք է ապրանքագիր տան, սակայն, բացի այդ, ինքներդ էլ պետք է սահմանափակեք ձեր կարիքները: Սահմանափակվեք անհրաժեշտ բաներով, ավելորդ շինարարություն ու վերանորոգում մի սկսեք: Ես ձեր փոխարեն հենց այդպես կվարվեի: Իսկ ինչ որ պետք է՝ Աստված կուղարկի: Եթե մենք՝ վանականներս, ենք խնդրում, որպեսզի հաշիվ չգրեն, ապա դրանով ուրիշներին էլ ենք դրդում մեղք գործել, որոնք ասում են. «Դե, եթե վանքերն էլ են իրենց այդպես պահում…»: Գիտե՞ք, թե մենք, որ ձգտում ենք Աստծո պատվիրանները կատարել, ինչպես ենք գայթակղում ուրիշներին, եթե մեզ նման կերպ ենք պահում: «Հատուցեք յուրաքանչյուրին իրենց պարտքերը»,- ասում է Սուրբ Գիրքը: Երբ նամակը որևէ մեկի հետ եմ ուղարկում, այլ ոչ թե՝ փոստով, միևնույն է դրոշմանիշ եմ փակցնում ծրարի վրա: Աշխարհիկ մարդիկ արդարացումներ են գտնում իրենց համար նման դեպքերում, սակայն, եթե վանքերն էլ են իրենց նման կերպ դրսևորում, ապա դա նրանց կեղծավորության մասին է խոսում և այն բանի, որ Ավետարանը հետին պլան է մղվել նրանց մոտ: Նյութականը, իրեղենը չտալով (ինչպես Ավետարանն է պատվիրում. «Եվ եթե մեկը կամենա քեզ բռնադատել և քո շապիկն առնել, նրան քո բաճկոնն էլ թող» (Մտթ. 5:40)), մենք վատ քարոզ ենք անում, և աշխարհիկ մարդիկ դրանով են արդարացնում իրենց անկումը, իրենց խիղճը հանգստացնելու համար փորձում են արդարացում գտնել: Մենք պետք է զգոն լինենք, որովհետև Ահեղ Դատաստանի օրն արդարացում չենք ունենալու: Մեր նպատակը, գլխավորապես, հոգևոր օգուտ ստանալն է, այլ ոչ միայն՝ նյութական: Եվ եթե ինչ-ինչ պատճառով ձեզ ապրանքագիր չեն տալիս, ապա պետք է համարեք, որ հոգևոր վնաս եք կրել:
– Հա՛յր երբեմն էլ պատահում է, որ մարդը մի փոքր գումար է նվիրաբերում վանքին և խնդրում է իրեն այնպիսի ստացական տալ, որում ավելի մեծ գումար է նշված: Ի՞նչ անել նման դեպքերում:
– Նրան ասացեք. «Ավելի մեծ գումարով ստացական չենք տալիս: Եթե չեք ուզում, ապա կարող ենք ետ վերադարձնել ձեր գումարը, հնարավոր է մի այլ տեղ կատարեն Ձեր ցանկությունը»: Չվարակվե՛ք նման հիվանդությամբ:
– Հա՛յր, մեր վարպետներից մեկը խնդրեց ազատել իրեն աշխատանքից, որպեսզի կարողանա աշխատազուրկների կենտրոնից նպաստ ստանալ, իսկ հետո կրկին մեզ մոտ աշխատանքի ընդունվել:
– Ո՛չ, եղբա՛յր, այդպես չի՛ լինի: Եթե մարդ գոնե մի քիչ խիղճ ունի, ապա նման բան չի անի: Վայել չէ վանքում նման բաներով զբաղվել: Չնայած վանքում ավել գումարներ չկան, բայց ավելի լավ է նրան կրկնակի վճարել՝ միայն թե նման խարդախությունների չդիմի, քանի որ դա ծանր մեղք է: Օրհնությունն օրհնություն է բերում, իսկ կեղծիքը՝ կործանում: Այս առումով շատ ուշադիր եղեք: Եվ մի սակարկեք վանքում աշխատողների հետ, որովհետև դրանից հետո հրդեհներ ու ավերածությունն են լինում վանքերում:
Պետական ծառայողը երդվում է ազնվությամբ կատարել իր պարտականությունները**: Մենք՝ վանականներս, այդպիսի երդում չենք տալիս, այլ՝ կրկնակի մեծ. մենք հոգևոր ուխտ ենք կապում և եթե խախտում ենք այն, ապա մեր մեղքը կրկնակի է լինում: Փորձեք հավասարակշռությունը պահել, ինչ-որ այլ կարգի (ոչ աշխարհիկ) բան պահպանել վանականության մեջ: Ես տեսնում եմ, թե ինչպես է թարախապալարը հասունանում: Այն կպայթի, կմաքրվի: Հոգևոր ոչ ճիշտ վիճակում գտնվողներին Աստված Իր օրհնությունը չի տալիս, այլապես՝ սատանային օգնած կլիներ: Աշխատեք անկեղծ ու ազնիվ լինել: Այն, ինչ հիմա է կատարվում՝ նման է հարբած մարդու վիճակին, ով հազիվ է ոտքի վրա կանգնում: Մի՞թե դա կարող է երկար շարունակվել: Աստծո ցասումը կթափվի: Մենք քննություն պետք է հանձնենք: «Առաջին փուլում» պղինձը ոսկուց կանջատվի, երկրորդում կերևա, թե մեզանից յուրաքանչյուրի մեջ ինչ հարգի ոսկի կա:
Աշխարհը խաբեբա է դարձել: Մարդիկ ստախոս են դառնում, նրանք մեկ այլ խիղճ են հորինում իրենց համար: Բայց ես չեմ կարող ստախոս դառնալ, չեմ կարող իմ «ես»-ը հասարակության պահանջով փոխել: Ավելի լավ է տառապեմ: Այդ աշխարհիկ հունի մեջ չընկնելու համար աչալրջություն է պահանջվում: Սակայն այժմյան տնտեսական համակարգը բացարձակորեն չի նպաստում, որպեսզի մարդիկ ազնիվ լինեն: Նրանք ստիպված են հարկային մարմիններին ներկայացվող հաշվետվություններում նվազեցնել իրենց եկամուտները և նման այլ մեքենայությունների դիմել: Մի անգամ նախատեցի իմ ծանոթ հարկային տեսուչներին, որ հավատացյալ մարդիկ էին: «Այս ի՞նչ եք անում,- ասացի,- գոնե մի փոքր թթխմոր պահպանեք: Գիտե՞ք, թե որքան մարդիկ են բողոքում ձեզանից: Մարդը հարկային տեսչություն է գալիս ու ասում. «Եկամուտս մեկ միլիոն է», իսկ հարկային տեսուչը գրում է երեք միլիոն: Որոշ մարդիկ իրենց եկամուտի միայն մեկ երրորդն են հայտարարագրում և հարկային տեսուչները մյուսներին էլ են խաբեբա համարում, և բոլորին նույն արշինով են չափում: Սակայն, եթե ձեզ մոտ խիղճ ունեցող մեկը գա, նրա վրա երեք անգամ ավելի հարկ դնելով՝ նրան ստիպում եք գող դառնալ: Այսինքն ընդհանուր դրության վրա լավագույնս ազդել փորձելու փոխարեն՝ դուք ճիշտ հակառակն եք անում»: Ի պատասխան նրանք ասացին, որ չեն տարբերում, թե երբ են իրենց ճշմարտությունն ասում և երբ՝ ոչ: «Դուք կկարողանաք դա տարբերել, երբ սկսեք հոգևոր կյանքով ապրել: Այդ ժամանակ կկարողանաք ճշմարտությունը կեղծիքից տարբերել: Աստված կհայտնի ձեզ և դա ձեզ համար հասկանալի կդառնա,- ասացի ես»:
* Ապրանքագիր չգրելով՝ առևտրականներն իրականացված առևտրային գործարքները թաքցնում են հարկային մարմիններից և գնորդը չի վճարում սահմանված հարկը, որը շատ բարձր է Հունաստանում (ապրանքի արժեքի մինչև 25%-ը):
** Հունաստանում պետական ծառայողները երդում են տալիս իրենց պարտականությունները ազնվորեն կատարել:
Հայր Պաիսիոս Աթոսացու «Ցավով և սիրով՝ ժամանակակից մարդու մասին» գրքից
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի
Աղբուր՝ Surbzoravor.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում