Կավագործություն և լուսանկարչություն. Անի Քանանյանի և Դամիան Հովհաննիսյանի համատեղ ցուցահանդեսը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լուսանկարիչ Դամիան Հովհաննիսյանն ու նկարչուհի Անի Քանանյանը համատեղ ցուցահանդեսում ներկայացրել են լուսանկարչության և կավագործության նմուշներ` փորձելով ընդգծել հետաքրքիր արտաքինով երիտասարդների յուրահատուկ դիմագծերը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ցուցահանդեսը գործում է «Շուշան» ցուցասրահում:
«Նման նախագիծ իրականացնելու միտքը ծագեց այն ժամանակ, երբ Դամիանը հյուրընկալվել էր մեր ցուցասրահում: Քննարկումներից հետո որոշեցինք մեկ հարթակում ներկայացնել կավագործությունն ու լուսանկարչությունը: Փորձերի առաջին իսկ օրվանից հետաքրքիր լուսանկարներ են ստացվել: Օգտագործել եմ սև, սպիտակ կավ և սև պիգմենտ»,-պատմեց Անի Քանանյանը:
Անդրադառնալով կերպարների ընտրությանը` նա ասաց, որ համագործակցել են յուրօրինակ դիմագծերով անձանց հետ: «Ներգրավել ենք մոդելների, որոնց կա՛մ աչքերն են շատ արտահայտիչ, կա՛մ մազերը, կա՛մ շուրթերը և այլն: Կավի օգնությամբ ընդգծել ենք նրանց յուրահատկությունները: Կարծում եմ, տարեցներին նույնպես կարելի է ընդգրկել նախագծում: Հնարավոր է` հեռանկարում դա իրագործենք»,-շեշտեց նկարչուհին և հավելեց, որ Դամիանի հետ աշխատանքը հետաքրքիր և նոր փորձ էր:
«Մենք բավականին արագ ենք աշխատել: Քսան օրվա ընթացքում կազմակերպել և իրականացրել ենք այս նախագիծը` ընդգրկելով ինքնատիպ կերպարների: Կան լուսանկարներ, որոնցում բնորդների աչքերը բաց են և հակառակը: Մեծ բավականություն եմ ստացել այս աշխատանքային գործընթացից. հավես էր, նոր էր»,-խոստովանեց Դամիան Հովհաննիսյանը:
Նրա խոսքով` ցուցահանդեսն ընդգծում է Անիի ոճը: «Սա անհատական նախագիծ է, որում երկուսիս ձեռագիրն է արտացոլվել»,-նշեց Հովհաննիսյանն ու տեղեկացրեց, որ ցուցադրված է քսաներեք լուսանկար:
Որպես բնորդներ նախագծում հանդես են եկել Դիանա Մալենկոն, Մադոննա Հարությունյանը, Շուշաննա Անդրեասյանը, Լիլիթ Թադևոսյանը, Նարեկ Գրիգորյանը, Արամազդ Հովհաննիսյանը, Անահիտ Գրիգորյանը, Էդ Թադևոսյանը, Բելլա Կնյազչյանը, Նանե և Նարե Դավթյանները:
Անժելա Համբարձումյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում