Ով ունի, նրան պիտի տրվի և պիտի ավելացվի, իսկ ով չունի, նրանից պիտի վերցվի ունեցածն էլ
Նմանատիպ
Ինչպիսի՜ անարդարություն։ Ոմանք կարդալով այս հրապարակման վերտառությունը կհարցադրեն. «Ինչպե՞ս կարելի է. տրվում է ունեցողներին և վերցվում է չունեցողներից, նույնիսկ Ռոբին Հուդը ավելի արդարամիտ էր», կամ` «Եկեղեցին միշտ էլ հարուստների կողմից է եղել», կմտածեք դուք:
Բայց խնդիրն այն է, որ խոսքը փողի կամ նյութականի մասին չէ, այլ այն ամենի մասին, ինչ մարդը ստանում է Աստծուց` սկսած առողջությունից, վերջացրած հաջողությամբ:
Այս խոսքերը հասկանալու համար նախ պետք է պարզել «ունի» և «չունի» բառերի իմաստը, որ, հավատացեք, այնքան էլ ակնհայտ չէ: Պարզվում է` ունի նա, ով գոհանալ գիտի իր ունեցածով և չի սեփականում Աստծո ամենազորությունը, համապատասխանաբար, չունի նա, ով չի կարողանում գոհանալ իր ունեցածով, բռնված է կուտակելու մոլուցքով, կուտակում է և իրեն ապահով է զգում իր «ամենակարողությամբ», թեև իրականում դողում է իր ունեցածի վրա, որովհետև հոգու խորքում գիտակցում է, որ այդ ամենը իրենից կառնի Նա, ով տվել է: Սա` հաջողակ «չունևորները», իսկ անհաջողակ «չունևորները» չեն գոհանում իրենց ունեցածով, բռնված են կուտակելու մոլուցքով, բայց զուրկ են հնարավորությունից և դժգոհում են Աստծուց, արդյունքում որևէ բանի չեն հասնում և կորցնում են ունեցածն էլ: Ահա, թե որտեղից է. «Շատին ձգտես` քչից կզրկվես» խոսքը:
Աստվածաշնչյան հետաքրքիր մի պատմություն, որ ներկայացնում է հրեաների թափառական կյանքից մի դրվագ, հաստատում է մեր խոսքերի ճշմարտացիությունը` պատմելով Աստծո ողորմության և անշնորհակալ մարդու ագահության մասին: Խոսքը երկնային հացի` մանանայի պատմության մասին է: Երբ Աստված տալիս է մանանան, պատվիրում է ըստ կարիքի հավաքել այն, սակայն ագահները ավելի շատ էին հավաքում, և ավելորդը փչանում էր: Արդյունքում այդ ագահները ոչինչ չէին շահում, բայց շատ մեծ ու կարևոր բան էին կորցնում` Աստծո բարեհաճությունը:
Եթե մենք ընդհանրապես շնորհակալ մարդ ենք, ապա մենք շնորհակալ ենք լինում մեզ կերակուր, տուն, հագուստ ու հանգիստ ապահովողներին, իսկ ի՞նչն է խանգարում շնորհակալ լինել Աստծուն (այո՛, հենց Աստծուն և ոչ թե բնությանը, համատիեզերական ուժին, գերագույն բանականությանը և այլ անհասկանալի ուժերին) մեր կյանքի համար:
Մենք դժվար թե վիրավորենք մեզ հարազատ մարդկանց կամ իրենց գործի մասնագետներին` ասելով, թե կերակուրը ինքն իրեն է պատրաստվել, կամ շենքը ինքն իրեն է կառուցվել, բայց հեշտությամբ վիրավորում ենք Աստծուն` ասելով. «Դու մեզ պետք չես, մենք ինքնուրույն ենք ծագել: Տիեզերքից ենք ընկել»: Տիեզերքից ինչ-որ արարածներ ընկել են երկիր, բայց դրանք մարդիկ չէին, այլ, Ս. Գրքի վկայությամբ, դևերը, այլ խնդիր է, եթե մարդը, օ՜, սարսափ, ընդունում է իր ծագումը աստվածահակառակ սկզբից: Անգամ եթե Աստծուն ընդունում ենք իբրև Արարիչ, Նրա հետ ուզում ենք առնչվել դեպքից դեպք, պատահարից պատահար, առիթից առիթ: Մարդու համար իր ամեն մի ակնթարթը, նոր օրը, ողջ կյանքը ոչ թե աստվածատուր պարգև է և ինքնակատարելագործվելու հնարավորություն, այլ իրերի տրամաբանական ընթացք, որը ոչ մի բանի չի պարտավորեցնում: Նրանք չգիտեն գոհանալ արևի առաջին շողերին ի պատասխան, բայց չեն հապաղում մեղադրել Աստծուն իրենց բոլոր ձախորդությունների ու անհաջողությունների, հիվանդությունների ու մահերի համար: Երբ մեզ բան է պետք, մենք մեր պարզունակ «մահմեդական» ուղեղով կամենում ենք, որ Աստված «հրաշագործ ջինի» նման մեր ունայն ցանկությունների կապանքներում հայտնվի, իսկ երբ բախվում ենք դաժան իրականությանը` Ամենակալ Աստծո հանդեպ մեր ոչնչության իրականությանը, համակվում ենք կատաղության ու վրեժխնդրության ոգով` սեղմելով մեր` սեփական կամ ոչ այնքան, ատամները:
Իմաստությունն ասում է. «Քեզ մնում է այն, ինչ տալիս ես»: Միայն սեփականել, ստանալ ու կուտակել փափագող մարդու համար այդ խոսքերը անհեթեթ են հնչում, որովհետև այդպիսի մարդիկ չեն զգում, թե ինչ են ամեն անգամ կորցնում իրենց հոգում և իրենց կյանքում, երբ ինչ-որ «կարևոր» բան է ավելանում իրենց գրպանում կամ սնդուկում: Նրանք չեն զգում, թե ինչպես են կողոպտում Աստծուն, երբ Նրա տված շնորհը, փոխանակ ի փառս Նրա գործածելու, աշխարհին են տալիս` փոխարենը սեփական անձի համար փառք մուրալով:
Նրանք չեն զգում, թե ինչպես են աստիճանաբար կորցնում այն, ինչ ունեն, միաժամանակ նաև` այդ ամենի վրա ինչ-որ բան ավելացնելու հնարավորությունը: Մարդիկ չեն գոհանում, որովհետև չգիտեն, թե ինչ են փնտրում, ինչ են ուզում: Թեև ունեն ընտրության հնարավորություն, բայց շատ դեպքերում արհեստականորեն նրանք զրկվում են լավի և վատի միջև ընտրելու հնարավորությունից և ստիպված են լինում ընտրել վատի և վատթարագույնի միջև: Շատերը զրկված են Աստծուն ճանաչելու և ընտրելու հնարավորությունից: Բնականաբար, մարդիկ, որ չգիտեն շատի ու լավի` հավիտենականի ու կատարյալի մասին, իրենց չափանիշները և չափորոշիչները սահմանելիս բավարարվում են եղած վատով ու սահմանափակով, «ծնվում են ակամա, ապրում են զարմացած, մեռնում են կարոտով»: Եթե Աստծո` մարդու համար ստեղծած աշխարհը և նրան շնորհած ժամանակավոր կյանքը այսքան սիրելի են ու փափագելի, ապա միայն պատկերացնել կարելի է Աստծո՛ բնակավայրի ու հավիտենության վեհությունն ու փառքը:
ՈՒնենալ` նշանակում է գնահատել ունեցածը: Եթե ըստ արժանվույն գնահատենք մեր ժամանակավոր կյանքը և չվերածենք այն ինքնանպատակ պայքարի ինքներս մեր դեմ, մեր առջև կբացվի հավիտենականի ու կատարյալի անհորիզոն ու խոստումնալից տեսլականը: Եթե գեթ փորձենք մարդկային պարզ շնորհակալությամբ պատասխանել Արարչի անպարփակ սիրուն, մեր հոգին կմիտվի առ Աստված, և այնտեղ կծլի մեր փրկության տունկը, որ պիտի խնամվի հույսով, հավատով ու սիրով:
Տեր Ահարոն քահանա ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ
Աղբյուր՝ Irates.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում