Օպերային ստուդիան` խաղացանկային օպերային թատրոն դառնալու ճանապարհին
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, Irates.am: Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիայի տնօրեն ՀԱՅԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ զրուցել ենք ստուդիայի 2020-21 թթ. թատերաշրջանի, Երևանում օպերային երկրորդ թատրոն ունենալու հեռանկարի մասին:
– Օպերային ստուդիան հիմնադրվել է 40 տարի առաջ. ժամանակին, հատկապես 80-ականներին, ըստ էության, եղել է փոքր օպերային թատրոն,- ասաց Հայկ Վարդանյանը:- Վերջին տարիներին ծառայում էր որպես կոնսերվատորիայի օպերային երգիչների պատրաստման հարթակ: Սակայն նպատակ կա այս կարևոր հարթակը վերագործարկելու որպես օպերային թատրոն՝ ուրույն ծրագրերով, ազգային դիմագծով և երիտասարդներին բեմ տրամադրելու հիմնական առաքելությամբ:
– Օպերային թատրոն դառնալու տեսլականն ի՞նչ բովանդակային փոփոխություններ է ենթադրում:
– Օպերային ստուդիաներն ավելի շատ ակադեմիական նկարագիր ունեն: Կոնսերվատորիայի օպերային թատրոնն իր ստուդիականությունը կպահպանի, այսինքն, այստեղ կշարունակեն գործել արվեստանոցներ, որտեղ ուսանողները փորձառություն են հավաքում, բայց նաև կդառնա խաղացանկով թատրոն: Նախատեսվում է տարեկան չորս-հինգ նոր օպերային ներկայացում, որոնցից ամեն մեկը տարվա ընթացքում մի քանի անգամ բեմ կբարձրանա՝ տարբեր կազմով, հիմնականում` համալրված երիտասարդ երգիչներով:
– Այս տարի ի՞նչ նորությունների սպասենք:
– Փաստորեն, ութ տարվա ընդմիջումից հետո, մայիս-հունիս ամիսներին ներկայանալու ենք «Դոն Պասքուալե» կոմիկական օպերայի հայաստանյան առաջնախաղով: Մինչ այդ ունենք չորս խոշոր թեմատիկ համերգ` հիմնականում կոնսերվատորիայի ուսանողների մասնակցությամբ, որոշ դեպքերում՝ հրավիրյալ շրջանավարտներով: Փետրվարի 12-ին, 15:00-ին համերգային խոշոր ծրագիր է սպասվում օպերային արտիստների մասնակցությամբ, ներկայացնելու ենք հայկական տասը օպերաներից հատվածներ (մուտքն ազատ է): Աշնանային ծրագիրը՝ 2020-21 համերգաշրջանի բացումը, կմեկնարկի սեպտեմբերի 30-ին` Ղազարոս Սարյանի 100-ամյակին նվիրված խոշոր միջոցառմամբ: Ստուդիան կրում է նրա անունը, հիմնադրվել է նրա օրոք, երբ Ղազարոս Սարյանը կոնսերվատորիայի ռեկտորն էր:
– Ստուդիան միառժամանակ գրեթե չի գործել, վստա՞հ եք, որ նույն խնդիրները չեն խոչընդոտելու թատրոնի գործունեությանը հետայսու:
– Վստահությունը, առաջին հերթին, պայմանավորված է կոնսերվատորիայի նոր ռեկտորով ու նրա թիմակիցներով, որոնք կոնսերվատորիայի առաջխաղացման ու զարգացման լուրջ ծրագրեր ունեն, իսկ օպերային ստուդիաները համարվում են խոշոր կոնսերվատորիաների գլխավոր լաբորատորիաները, որտեղ ոչ միայն երգիչներն են փորձառություն ձեռք բերում, այլև նվագախմբերի երաժիշտները: Մենք «Դոն Պասքուալեն» բեմադրելու ենք կոնսերվատորիայի վերստեղծված սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ: Այսինքն, օպերային ստուդիան ունեցել է նվագախումբ, որը մոտ տասը տարի առաջ լուծարվել է, հիմա վերակառուցելու ժամանակն է:
– Լավ ձայներ կա՞ն երիտասարդների մեջ:
– Կան և նույնիսկ շատ, ցավալի է, որ նրանք մայր թատրոնում հնարավորություն չունեն բեմ բարձրանալու: Պատճառն այն է, որ ներկայացումները քիչ են, իսկ օպերային թատրոնն առանց այդ էլ լավ ձայներ շատ ունի: Մենք շեշտը դնելու ենք երիտասարդների վրա, օրինակ, «Դոն Պասքուալեի» պարագայում չորս գլխավոր դերերից երկուսը կոնսերվատորիայի ուսանողներն են մրցույթով շահել: Եվ միայն մյուս երկու դերերի համար հրավիրելու ենք շրջանավարտների:
– Պարբերաբար փոխվելու՞ է ստուդայի արտիստների կազմը:
– Յուրաքանչյուր ներկայացման գլխավոր դերակատարներին ընտրելու ենք մրցույթով: Օպերային ստուդիան տարիներ շարունակ ունեցել է լավ երգչախումբ, փառք Աստծո, երգչախումբը պահպանվել է և շարունակում է գործել։ Խնդիր կա մեկ-մեկուկես տարվա ընթացքում ձևավորված մշտական գործող նվագախումբ ունենալու, որը ոչ միայն ներկայացումներին կնվագակցի, այլև կոնսերվատորիայի շրջանավարտների կատարումներին` ավարտական քննությունների ժամանակ, ինչը շատ կարևոր է: Ժամանակին այդպես է եղել: Մենք գնում ենք վերակառուցելու, վերանորոգելու, լավ ավանդույթները վերականգնելու ճանապարհով:
– Միջազգային համագործակցության ծրագրեր կա՞ն:
– Օպերային ստուդիայի գործունեության հիմնական նպատակն է օպերային երգիչներ պատրաստելն ու միջազգային ասպարեզում առաջին քայլերն անելու հնարավորություն ընձեռելը: Որպես տնօրեն, օպերային ստուդիայում սկսել եմ աշխատել 2019-ի սեպտեմբերից, հոկտեմբերին հանդիպումներ ունեցա Փարիզի օպերայի թատրոնի ակադեմիայի, ինչպես նաև Ստրասբուրգի, Շտուտգարդի օպերային ստուդիաների ղեկավարների հետ: Բոլոր այդ հանդիպումները և նախնական պայմանավորվածությունները թույլ են տալու ծրագրավորել մեր երիտասարդ արտիստների հաջորդ քայլերը, ոչ միայն համատեղ ծրագրերը՝ փոխադարձ այցերով, այլև կոնսերվատորիան ավարտելուց հետո միջազգային ասպարեզում նրանց հետագա մասնագիտական առաջխաղացումը: Նշեմ, որ մենք արդեն համագործակցում ենք Գլազգոյի թագավորական կոնսերվատորիայի օպերային ստուդիայի հետ, և տարին երկու ուսանող մեկ տարով այդ ստուդիայում փորձառություն է ձեռք բերում:
– Կա՞ն այլ խնդիրներ, որ հրատապ լուծում են պահանջում:
– Խնդիրները տեխնիկական են՝ լուսավորություն, անվտանգության համակարգ, օդափոխություն: Չենք կարող այս բավականին աղքատացած ենթակառուցվածքը թողնել կոնսերվատորիայի ուսերին: Ոչ միայն պետական, նաև մասնավոր հատվածի հետ, կարծում եմ, կկարողանանք լուծել այս խնդիրները: Կրկնում եմ, մեզ համար առանցքային է օպերային ստուդիայի բովանդակությունը, որը գնում է խաղացանկային օպերային թատրոն դառնալու ուղղությամբ:
– Հանդիսատեսի խնդիր չե՞ք ունենալու:
– Չեմ կարծում, թե փոքր երիտասարդական թատրոնի համար դժվար է 300-տեղանոց դահլիճ լցնելը, մանավանդ որ ունենալու ենք օպերային թատրոնից տարբերվող, ավելի նորարարական, ներկայանալի, ավելի ճկուն ներկայացումներ:
Զրույցը՝ Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ
Լուսանկարը՝ Լիլիթ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ