Պահանջված պարզաբանում Ազգային ժողովի իշխող խմբակցության շտապողականության վերաբերյալ. Գոհար Մելոյան

Պահանջված պարզաբանում Ազգային ժողովի իշխող խմբակցության շտապողականության վերաբերյալ. Գոհար Մելոյան

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, Facebook: Պահանջված պարզաբանում Ազգային ժողովի իշխող խմբակցության շտապողականության վերաբերյալ!

Վաղը հրավիրվելիք ԱԺ արտահերթ նիստում քննարկվելու են.

1. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը և կից փաթեթը՝ 1-ին և 2-րդ ընթերցմամբ։ Նախագծերի ընդունման համար անհրաժեշտ է 80 կողմ ձայն։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագիծը՝ միայն առաջին ընթերցմամբ, որի ընդունման համար անհրաժեշտ է 88 կողմ ձայն։

Այսպիսով, այս արտահերթ նիստի ընթացքում Սահմանադրության փոփոխության նախագիծը 2-րդ ընթերցմամբ չի քվեարկվելու, և Սահմանադրական դատարանի գործունեությունն ապօրինաբար չի դադարեցվելու։

Փոխարենը՝ իշխող խմբակցությունը 1-ին հարցն ընդունելուց հետո, այդ նախագծերն ուղարկելու է Հանրապետության նախագահի ստորագրմանը, և միայն վերջինիս ստորագրելուց հետո Սահմանադրական փոփոխության նախագիծը կընդգրկվի օրակարգ և քվեարկի 2-րդ ընթերցմամբ։

Ամփոփելով.

1. Վաղվա արտահերթ նիստի արդյունքում Սահմանադրական դատարանի գործունեությունը չի դադարեցվելու, այլ կյանքի է կոչվելու դրան ուղղված 1-ին քայլը՝ սահմանադրական փոփոխությունների պարագայում ԱԺ-ի կողմից ՍԴ դիմելու պարտադիր պահանջի շրջանցումը։

2. Միջազգային կառույցներն բավարար ժամանակ կունենան արձագանքելու իրականացվող հակաիրավական և հակասահմանադրական գործընթացներին։

3. Հանրապետության նախագահը կունենա հնարավորություն իրականացնելու իր հիմնական գործառույթը՝ կանխելու նշված հակաիրավական և հակասահմանադրական գործընթացը՝ դիմելով ՍԴ այս ակնհայտ հակասահմանադրական նախագծերի Սահմանադրությանը համապատասխանության հարցով։

4. Հանրապետության նախագահի կողմից իր սահմանադրական գործառույթի կատարումից զերծ մնալու պարագայում՝ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները կունենան ՍԴ դիմելու հնարավորություն։

Գոհար ՄԵԼՈՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում