Մաշտոցի պողոտայում տեղի է ունեցել շղթայական ավտովթար
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: Փետրվարի 11-ին, ժամը 22:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայում՝ «Սիզընս» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, առկա է գազի արտահոսք: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ Մաշտոցի պողոտայի թիվ 15 շենքի մոտակայքում բախվել են «BMW X5» և «Hyundai Sonata» (վարորդ՝ Ալեքսանդր Մ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս բախվել է կայանած «Mitsubishi Pajero» (վարորդ՝ Վահան Ս., ծնված 1990 թ.), «Mercedes-Benz C 350» (վարորդ՝ Ավետիս Ա., ծնված 1992 թ.) և «Opel Astra G» (վարորդ՝ Արթուր Բ., ծնված 1974 թ.) մակնիշների ավտոմեքենաներին:
Փրկարարները «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են «BMW X5» և «Hyundai Sonata» մակնիշների ավտոմեքենաները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում