Փոխվարչապետը մասնակցել է Դիլիջանի զարգացման աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստին
Կարդացեք նաև
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի եւ Լոռու մարզեր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, փոխվարչապետը Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի ուղեկցությամբ նախ այցելել է մարզի Կիրանց, Ներքին Ծաղկավան, Բերքաբեր, Սարիգյուղ համայնքներ, ծանոթացել համայնքներում իրականացվող ծրա գրերի ընթացքին, գյուղապետերի հետ քննարկել է սեփական եկամուտների հավաքագրման, բերքի իրացման, գյուղատնտեսական աշխատանքների հետ կապված եւ ընթացիկ այլ խնդիրներ:
Փոխվարչապետը հանդիպումներ է ունեցել նաեւ բնակիչների հետ, որոնք ներկայացրել են իրենց խնդիրները: Բարձրացված հարցերը հիմնականում վերաբերել են խմելու եւ ոռոգման ջրի ենթակառուցվածքների բարելավմանը, գյուղտեխնիկայի ձեռք բերմանը, նախակրթարանների կառուցման անհրաժեշտությանը: Բնակիչներին հետաքրքրել է նաեւ գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հետ կապված սոցիալապես անապահով խավին կառավարության կողմից օժանդակության ցուցաբերման հարցը:
Բնակիչներին լսելուց հետո, փոխվարչապետը խոստացել է, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեի մասնագետները կայցելեն համայնքներ, տեղում կուսումնասիրեն հնարավորությունները’ լուծումներ առաջարկելու համար: Նշվել է, որ խնդիրների լուծման առաջնային նախապայմաններից է ջրաղբյուրների առկայությունը, ինչը թույլ կտա ջուրը համայնքներ հասցնել ինքնահոս եղանակով:
Միաժամանակ մարզային եւ տեղական իշխանությունների ներկայացուցիչները տեղեկություններ են ներկայացրել համայնքներում իրականացվող ծրագրերի եւ բարձրացված խնդիրների լուծման ուղղությամբ կատարվող աշխատանքների մասին: Մասնավորապես նշվել է, որ Կիրանցում առաջիկայում կմեկնարկեն նոր ոռոգման ջրագծի կառուցման աշխատանքները, որոնք կատարվում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրով:
Համայնքներում նաեւ իրականացվում են սոցիալական ենթակառուցվածքների վերականգնման ծրագրեր. Ներքին Ծաղկավանում մարզի առաջնահերթ խնդիրների լուծման չորրորդ ծրագրով ավարտին է մոտենում համայնքային կենտրոնի կառուցումը, Բերքաբերում Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի ծրագրով վերանորոգվում է դպրոցը, առաջնահերթ խնդիրների լուծման երրորդ ծրագրով կառուցվել է համայնքային կենտրոն, Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի աջակցությամբ կառուցվում է եկեղեցի: Ուսումնասիրվում է նաեւ Ներքին Ծաղկավանի գյուղամիջյան սողանքային ճանապարհի հարցը, որը նախատեսվում է վերանորոգել պետբյուջեի միջոցներով:
Կիրանցում, Ներքին Ծաղկավանում եւ Սարիգյուղում Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» ծրագրի շրջանակում ստեղծվել են գյուղացիական կոոպերատիվներ, որոնց անդամներն էլ փոխվարչապետին ներկայացրեցին արդյունքների մասին: Մասնավորապես նշվել է, որ ծրագրի շրջանակում ձեռք է բերվել նաեւ համապատասխան գյուղտեխնիկա, որն արդեն շահագործվում է:
Փոխվարչապետը հետաքրքրվել է նաեւ հողօգտագործողներին մատչելի գնով պարարտանյութի եւ դիզելային վառելիքի տրամադրման պետական ծրագրերի շրջանակում պարարտանյութի եւ դիզվառելիքի բաշխման գործընթացի մասին: Բնակիչները նշել են, որ դժգոհություններ չունեն եւ խնդրել են շարունակել դիզվառելիքի բաշխումը, որը դադարեցվել էր Ֆինանսական վերահսկողության տեսչության ստուգումներով պայմանավորված: Փոխվարչապետը խոստացել է հարցը քննարկել կառավարությունում:
Այնուհետեւ Դիլիջանի քաղաքապետարանում տեղի է ունեցել քաղաքի զարգացման աշխատանքները համակարգող հանձնաժողովի առաջին նիստը: Քննարկվել են Դիլիջանում պետության, համայնքի եւ մասնավոր կազմակերպությունների համագործակցության շրջանակում իրականացվող խոշոր ներդրումային ծրագրերի համադրման, դրանց անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու, համայնքի քաղաքաշինական եւ կառուցապատման ծրագրերի միասնականության ապահովման, ծրագրերում միջազգային կազմակերպությունների ներգրավման եւ մի շարք այլ հարցեր:
Փոխվարչապետը հանձնաժողովում ներգրավված պետական մարմինների, մասնավոր ընկերությունների, կազմակերպությունների ներկայացուցիչներին հորդորել է առաջարկություններ ներկայացնել Դիլիջանի քաղաքային համայնքի զարգացման միջոցառումների ծրագրի նախագծի վերաբերյալ, որը քննարկելուց եւ ամբողջացնելուց հետո կներկայացվի կառավարություն:
Տավուշի մարզից փոխվարչապետը մեկնել է Լոռի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում