Բեյրութում զինված հարձակման հետևանքով երկու հայ է վիրավորվել

Երկու հայ է վիրավորվել Բեյրութում զինված հարձակման հետևանքով: Այս մասին «Արմենպրես»-ին հաղորդեց «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը: «Այսօր արեւելյան Բեյրութի շրջանում 3 երիտասարդներ կանգնեցրել են փոքր ավտոբուս, որը փոխադրում էր 60 մարդու, և դանակով հարձակում են գործել նրանց վրա։ Վիրավորվել է 9 մարդ»,-ասաց Շահան Քանդահարյանը: Վիրավորների շարքում եղել են նաև երկու հայեր’ մեկը լիբանանահայ, մյ ուսը’ սիրիահայ։ Շահան Քանդահարյանի խոսքով’ վիրավորների կյանքին, բարեբախտաբար, վտանգ չի սպառնում։

Ավտոբուսն ուղղվելիս է եղել իրանյան հեռուստաընկերության ստուդիա’ այնտեղ ֆիլմ նկարահանելու համար։

Հունիսի 23-ի հետմիջօրեին Հարավային Լիբանանի Սայդա քաղաքում ստեղծվել է պատերազմական իրավիճակ, երբ իսլամական խմբավորումների տարրեր հարձակվել են լիբանանյան բանակի վրա. բանակը տվել էր զոհեր եւ վիրավորներ:

Զինված իսլամիստները հունիսի 24-ից տների տանիքներից դիպուկահար կրակ են բացում Սայդայի՝ Լիբանանի հարավային մայրաքաղաքի փողոցների վրա: Բեյրութից 40 կիլոմետր դեպի հարավ գտնվող նավահանգստային քաղաքի կյանքը կազմալուծված Է ռազմական գործողությունների պատճառով. խանութների շարքերը դատարկվել են, փողոցներն ամայի են, քննարշրջանի ամենաեռուն պահին փակ Է տեղի համալսարանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում