Տիգրան Սարգսյան. «Ինչ հեքիաթներ ասես չեն հորինում` փորձելով վարկաբեկել իմ անունը»

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը վստահեցնում է, որ օֆշորային սկանդալի թեմայով որևէ անպատասխան հարց չի մնա: «Ինչ հեքիաթներ ասես չեն հորինում’ փորձելով վարկաբեկել իմ անունը: Ամբողջական տեղեկատվությունը հասանելի է լինելու ԶԼՄ-ներին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ’ ՀՀ կառավարության նիստում ասաց Տիգրան Սարգսյանը: Նրա հավաստմամբ’ հետաքննող լրագրողները կարող են թացը չորից զանազանել: Վարչապետը հետամուտ է լինելու, որպեսզի այդ թեմայի շուրջ ամբողջական տեղեկատվությունը հասանելի լինի հասարակությանը:

Լրատվամիջոցներում տեղեկատվություն էր տարածվել, որ Կիպրոսի օֆշորային գոտում բացված ընկերություններից մեկը գրանցված է վարչապետ Տիգրան Սարգսյանի, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի և գործարար Աշոտ Սուքիասյանի անունով:

Վերջինս, սակայն, հայտարարել էր, որ առանց վարչապետի և արքեպիսկոպոսի թույլտվության նրանց անուններով ընկերություն է հիմնել: Սուքիասյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ և հայտարարվել հետախուզում: Վարչապետ Տիգրան Սարգսյանը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազություն’ իր անունն այս կամ այն բիզնեսի հետ կապելու փորձերին իրավական գնահատական տալու և մեղավորներին պատժելու նպատակով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում