ԱԱԾ-ն հրաժարվել է քրեական գործ հարուցել Փաշինյանի կողմից սահմանադրական կարգի դեմ գործողություններ կատարելու դեպքի առթիվ. Միհրան Պողոսյան
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: ԱԱԾ-ն հրաժարվել է քրեական գործ հարուցել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ գործողություններ կատարելու դեպքի առթիվ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Միհրան Պողոսյանը։
«Առկա քաղաքական վիճակում այդ ակնհայտ հանգամանքները որևէ իրավական գնահատականի չեն արժանանալու, ոնց որ չեն արժանացել մինչև այս պահը 2019-ի մայիսի 19-ի ակնհայտ հանցագործության հատկանիշներ պարունակող կոչերը՝ դատարանների դռները շրջափակելու ու մի շարք այլ գործողությունները: Այս պարագայում մենք ինչո՞ւ պետք է այլ կանխատեսում կամ այլ սպասելիք ունենայինք»,– ասաց նա:
Ճշտող հարցին՝ մերժման հիմքը ո՞րն է եղել, Պողոսյանն ասաց. «Իրենք ոչ թե մերժել են քրեական գործ հարուցելը, իրենք ընդհանրապես չեն քննարկել քրեական գործ հարուցել-չհարուցելու հանգամանքը: Գրությամբ ուղղակի գրել են, որ Ձեր ներկայացրածը որպես հաղորդում չենք դիտարկում, ոչ թե քննարկել և պարզել են, որ հանգամանքներ չկան, այլ ընդհանրապես հրաժարվել են քննարկել»:
Հիշեցնենք, որ հունվարի 30-ին փաստաբան Միհրան Պողոսյանը հաղորդում է ներկայացրել ԱԱԾ՝ վերջին ամիսներին ՀՀ բարձրագույն իշխանության ներկայացուցիչների, մասնավորապես՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված գործողությունների մասին, որոնք փաստաբանի կարծիքով՝ պարունակում են հանցագործության հատկանիշներ։
Նրա գնահատմամբ՝ պաշտոնական լիազորություններն անցնելու և պաշտոնական դիրքը չարաշահելու վերաբերյալ առերևույթ հատկանիշներ, բացի այդ՝ վերջինիս հրապարակային կոչերում, գործողություններում առկա են սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործության առերևույթ հատկանիշներ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում