Կորոնավիրուսը և իշխանությունների անկարողությունը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, Facebook: Փետրվարի 23-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Իրան-Հայաստան օդային հաղորդակցությունը ու Մեղրիի սահմանային անցակետով անձանց մուտքը երկու շաբաթով դադարեցվում են: Պատճառը բոլորին հայտնի է. Իրանում արագորեն տարածվում է մահաբեր կորոնավիրուսը, որը մուտքը Հայաստան անհրաժեշտ է կանխել: Փաշինյանի որոշումը առողջապահական անվտանգության տեսանկյունից լիովին արդարացված էր:
Այս որոշումը հետաքրքրական է իշխանության վերին օղակներում որոշումների կայացման գործընթացի տեսանկյունից: Խնդիրն այն է, որ Փաշինյանի հայտարարությունից ընդամենը ժամեր առաջ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը և մի շարք իշխանական պատգամավորներ պնդում էին, որ նույնիսկ բաց սահմանների պարագայում իշխանությունը ամեն ինչ վերահսկում է, իսկ հայտնի «սև ուժերը» անհարկի խուճապ են տարածում և ցանկանում են վնասել հայ-իրանական բարեկամական հարաբերությունները:
Հարց է առաջանում: Ինչպե՞ս կարելի է մեկնաբանել պետության ամենակարևոր պաշտոնները զբաղեցնող մարդկանց նման վարքը: Կարո՞ղ ենք ասել, որ մի քանի ժամվա ընթացքում իրավիճակը կտրուկ փոխվել է: Ոչ: Օրինակ, Քուվեյթը, Թուրքիան, Իրաքը արդեն սահմանափակել էին Իրանի հետ հաղորդակցությունը, իսկ արդեն ժամանածների նկատմամբ կարանտին էին սահմանել: Թերևս միայն դրանից կարելի էր հասկանալ իրավիճակի լրջությունը: Ուստի, իրավիճակի գնահատման որևէ էական փոփոխություն մի քանի ընթացքում տեղի ունենալ չէր կարող:
Խնդիրը ֆեյսբուքյան մարտերը պետության առջև ծառացած խնդիրներից տարանջատելու իշխանությունների անկարողությունն է: Քո ընդդիմախոսի բարձրացրած յուրաքանչյուր խնդիր չէ, որ դավադրություն է հետապնդում: Հասարակական ոչ բոլոր խնդիրներն է թույլատրելի ծածկադմփոց անել: Բարեբախտաբար Փաշինյանը այս անգամ խիզախեց իրականությանը ուղիղ նայել: Մինչդեռ մի քանի ժամ ուշ սահմանը փակելը կարող է և ճակատագրական լինել պետության անվտանգության համար: Իսկ ո՞րն է երաշխիքը, որ հաջորդ անգամ կուսակցական շահը պետության անվտանգությունից վեր չի դասվի:
Թերևս, Հայաստանին դժվար օրեր են սպասվում…
Հետևեք մեզ նաև Telegram-ում