Ադրբեջանական ԶՈւ օրվան նվիրված զորահանդեսը նախորդներից չէր տարբերվում
Կարդացեք նաև
Ադրբեջանի Զինված ուժերի օրվան նվիրված զորահանդեսը վատ, չհաջողված էր եւ նախորդներից առանձնապես չէր տարբերվում: Այս մասին հունիսի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը: «Զորահանդեսն իրականում վատ էր կազմակերպված, քանի որ դրա ընթացքում այնքան էլ չերեւաց Ադրբեջանի այն ռազմական հզորությունը, ինչի մասին իրենք այդքան խոսում են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա: Փորձագետն ընդգծեց, որ զորահանդեսի կազմակերպման վրա մեծ գումարներ են ծախսվել, սակայն այն իրեն չարդարացրեց՝ քննադատության արժանանալով նույնիսկ ադրբեջանական լրատվամիջոցների կողմից:
Պետրոսյանցի խոսքով, զորահանդեսի ժամանակ ցուցադրվել են հիմնականում Ռուսաստանից, Թուրքիայից եւ Իսրայելից վերջերս ձեռք բերված զենքերը: «Այդ զենքերը Հայաստանին երբեք չեն վախեցրել եւ չեն վախեցնի, քանի որ զինտեխնիկայի ձեռքբերման վրա հսկայական գումարներ ծախսելով’ նրանք չեն կարողանում մեր հանդեպ որակական առավելություն ստանալ»,- ասաց նա՝ համոզմունք հայտնելով, որ Ադրբեջանը ռազմական գործողություններն արդեն սկսած կլիներ, եթե համոզված լիներ, որ առավելություն ունի Հայաստանի նկատմամբ:
Հետախույզ Վովա Վարդանովը համոզմունք հայտնեց, որ Ադրբեջանի համար հեշտ չի լինի հաղթել Հայաստանին՝ չնայած այն բանին, որ նրանք միլիարդներ են ծախսում բանակի վերազինման համար: Նա նշեց, որ երկար ժամանակ է՝ չի եղել ԼՂ պաշտպանական դիրքերում, սակայն համոզված է, որ Պաշտպանության բանակը հարձակման դեպքում կկարողանա արժանի հակահարված տալ եւ հետ մղել թշնամուն:
Հունիսի 26-ին Ադրբեջանի Զինված ուժերի 95-ամյակի կապակցությամբ Բաքվի Ազատության հրապարակում զորահանդես է անցկացվել, որին ներկա է եղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Հունիսի 26-ին անցկացված զորահանդեսում, որը տեւել է 50 րոպե, 19 րոպեանոց ելույթ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Նրա ելույթը նախորդներից ոչնչով չի տարբերվել. միեւնույն ծեծված խոսքերը Ադրբեջանի «առավելությունների», ներկայիս Հայաստանի’ «ադրբեջանական հողերի վրա ստեղծվելու», «ադրբեջանական դրոշի’ շուտով Ղարաբաղի վրա ծածանվելու» եւ այլնի մասին: Ուշագրավ է, որ ? ?եփական բարբաջանքից հոգնած Ալիեւը ելույթի 11-րդ րոպեին նայել է ժամացույցին, քանի որ նա ստիպված էր խոսել եւս 8 րոպե: Զորահանդեսն արժանացել է ադրբեջանական լրատվամիջոցների քննադատությանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում