97 գիտնականներ կստանան ամսական 100.000-ական դրամ հավելավճար

Հայտնի են դարձել Գիտության պետական կոմիտեի հայտարարած «Գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում և թեմաներում ընդգրկված բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողների հավելավճարի» մրցույթի արդյունքները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայկական աստղագիտական ընկերությունից, մրցույթի հաղթող է ճանաչվել 97 գիտնական, այդ թվում բնական գիտությունների (63), ճարտարագիտության և տեխնոլոգիայի (13), բժշկական գիտությունների (3), գյուղատնտեսական գիտությունների (3), հասարակական գիտությունների (1), հայագիտության և հումանիտար գիտությունների (14) ներկայացուցիչներ: Առավել մեծ թվով գիտնականներ ներկայացնում են ԵՊՀ-ն’ 27, Ալիխանյանի անվ. Երևանի ֆիզիկայի ինստիտուտը’ 16, Հայկական պետական ճարտարագիտական համալսարանը’ 5, ԳԱԱ Ֆիզիկական հետազոտ ությունների ինստիտուտը’ 5, ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանը’ 4, ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը’ 4 և ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը’ 4:

Մրցույթում հաշվի են առնվել տպագրված աշխատանքները և դրանց վրա կատարված հղումները, գիտաժողովներում զեկուցումները, ատենախոսությունների ղեկավարությունը, արտոնագրերը, գիտական թեմաների ղեկավարությունը, ստացած դրամաշնորհներն ու մրցանակները և գիտա-կազմակերպական ակտիվությունը: Մրցույթի հաղթող գիտնականները կստանան ամսական 100 000-ական դրամ հավելավճար: Առավել արդյունավետ աշխատող գիտնականների ցուցակը վերանայվելու է յուրաքանչյուր տարի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում