Նոր գիրք՝ «Նաիրյան ղողանջներ»
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, Aravot.am: Ընթերցողի սեղանին դրվեց բանաստեղծ, արձակագիր Հովիկ Գրիգորյանի «Նաիրյան ղողանջներ» 2-րդ բանաստեղծությունների ժողովածուն, որն ընդգրկում է վերջին տարիներին գրած ստեղծագործությունները: Գրքում տեղ են գտել «Պատվիրան» խորագրի ներքո մանուկներին նվիրված գործերը, որոնք տպագրվել են հեղինակի դպրոցահասակ տարիներին՝ «Պիոներ կանչ» եւ այլ մանկական հանդեսներում: Տեղ են գտել նաեւ պոեմները:
Հ. Գրիգորյանի թեմատիկան բազմազան է, որտեղ գերիշխում է սերը՝ հայրենիքի, բնության, մարդու հանդեպ: Ասելիքը հստակ է, խորաթափանց, խոհափիլիսոփայական ընդհանրացումներով հարուստ: Հեղինակը իր ժամանակաշրջանի հոգսերն ու խնդիրները նորովի է ներկայացնում. ընթերցողի մեջ ներարկելով սեր ու նվիրվածություն՝ վերածնված հայրենիքի նոր գալիքի կերտմանը, որն աղերս ունի անցյալից:
Գիրքը սկսվում է «Արեգնականչ» բաժնով, որը երկրի եւ երկնքի աստվածային ներդաշնակությունն է. «Մարդը երկինք է նայում, //Արարիչը՝ վար, //Կյանքի խորհուրդը սին է, //Թե՝ կորցնեն իրար»: «Այս հողմածուփ դարում» բանաստեղծությունը փոթորկուն աշխարհի չարությանը հակադրում է բարության հավատամքով, մարդկայինով: Աշխարհի ցավը, մարդու ցավը համակում է պոետին, որը նույնպես աղերս է դառնում եւ անկեղծ զարմանք. «Մարդ էլ մարդու սպանի…// Այս ինչ ցավ է աշխարհում, // Երբ պատիժը կա վերին…»: «Կարոտ», «Խռովում ես հոգիս», «Ինչպես անեմ»… ստեղծագործությունները հայրենաշունչ են, բանաստեղծական պատկերներով հարստացած: Բանաստեղծի համար ամենամեծ սերը աստվածակերտ Հայաստան աշխարհն է՝ իր ողջ անցյալով, ներկայով ու ապագայով:
«Երկիր իմ» եւ «Նվիրումներ» բաժիններում ռազմահայրենասիրական հոգին է թեւածում, իր հայրենասիրական ոգով ներշնչում ընթերցողին: «Նվիրումներ»-ի ձոներգերը նվիրված են Արցախյան հերոս ազատամարտիկներ Մոնթե Մելքոնյանին, Հրանտ Թովմասյանին, Եռաբլուրում հավերժացած խիզախ հայորդիներին: Նաեւ՝ հայ գրչի նվիրյալներ Պարույր Սեւակին, Դանիել Վարուժանին եւ Մեծ եղեռնի սարսափներով անցած հանճարեղ քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանին, որոնք իրենց ողջ կյանքը նվիրաբերեցին հայության գալիքի սրբազան գործին:
Հեղինակը արգահատելի վերաբերմունք ունի փուչ գեներալների վարքագծի վերաբերյալ, որոնք հայրենիքի պատիվն ու փառքը դարձրել են կողոպուտի առարկա եւ հարստահարել հայրենակիցներին. «Դու այդպես ես եղել… // Եվ այդպես են եղել // Գեներալներն այս փուչ //Անփառունակ զինվոր անգամ չեղած»:
«Խառը» բաժնում խարսխված գործերի մեծ մասը ամբողջացնում են Հ. Գրիգորյանի ոգեղենացված գրական, մշակութային դաշտը: Նշանակալի են «Վա՜յ քեզ…», «Արթնացեք», «Արծվանիստ», «Լյառն Արարատ», «Հավատ» եւ այլ նմանատիպ գործեր, որոնք ժամանակի փայլատակումներ են:
Խոհափիլիսոփայական բանաստեղծություններով առանձնանում են «Կարոտի հանգրվան» եւ «Անորոտ կայծակներ» հիասքանչ բաժինները, որոնց հետեւում են՝ «Փշոտ ցանկապատ»-ը, «Կսմիթներ» բաժինները:
Առաջ անցնելով, ասենք, որ հեղինակի ողջ բանաստեղծական, գրական աշխարհը պակաս ունի լուրջ, խորքային, բազմակի ուսումնասիրության եւ ճշմարտացի լուսաբանման: Անդրադառնալով պոեմներին, հարկ է համարվում ամեն մի գործի պատկերային համակարգին մոտենալ նրբանկատորեն: Այդպիսի պոեմներից է «Հայոց բարդին». «Ու մամռակալ խաչքարերի //Խաչերն էին երկինք թռչում…»: Իսկ պոեմը վերջանում է՝ «Հաղթ թեւերը երկինք փռած՝ // Որդիներին տուն է կանչում, //Թեւատարած՝ //ԲԱՐԴԻՆ ՀԱՅՈՑ»:
«Հրաշք ծառը» պոեմը նվիրված է հեղինակի մեծ պապին՝ Մուրադ Գրիգորի Վարդապետյանի հիշատակին, ով իր երեք որդիներին փրկեց եղեռնի ճիրաններից՝ վերադարձի հավատով:
«Ապրիլի 24» պոեմը վերածնված հայրենիքի խորհուրդն ունի. «Հավատով սրբազան պիտի տքնեմ…// Մութ գիշերվա սրտի // Լույսը քամեմ, // Երկիր տանող ճամփիս // Արարումին խառնեմ…»:
Այլ է «Երկունք» պոեմի հայտնությունը. «Ու վեր բոլորից, // Բոլորից առաջ՝ // Գոյացումների սկիզբ է եղել // Ու հիմք է եղել // Սերն համատարած, // Տիեզերածավա՜լ…»:
Արցախյան հերոսամարտում զոհված խիզախ հայորդիներին է նվիրված «Լյառն Արարատ» պոեմը, որը հաստատագրում է բարու հաղթանակը. «Դավաճանները // Կստանան երկրից արժանի պատիժը, //Պատմության աղբանոցը կնետվեն՝ // Կրելով անեծքը սերունդների…»:
Հովիկ Գրիգորյանի «Նաիրյան ղողանջներ» 2-րդ գիրքը հավատի, սիրո, արդարության փառաբանումն է…
Գուրգեն ԼՈՌԵՑԻ
Հետևեք մեզ նաև Telegram-ում