Ռազմիկ Դավոյան․ Ես այստեղ չեմ հիմա

Ռազմիկ Դավոյան․ Ես այստեղ չեմ հիմա

Լիալուսնի նման մաքուր եւ սպիտակ,
Լիալուսնի նման կապույտի մեջ դրված,
Շուրջը հազար գույնի ծաղկող աստղավարդեր,
Շուրջը հազար խոհի ալիքներ են փլված…
Այսպես ծովն է կապույտ,
Եվ սեղանն է ճերմակ,
Աղի բյուրեղներն են շողում անփույթ,
Ես այստեղ չեմ հիմա,
Ես այստեղ չեմ հիմա-
Ես ինձ փչեմ հիմա՝
Խլածաղկի նման կփշրվեմ օդում:

Աննյութեղեն, անցավ, ճառագայթի նման,
Ինչպես առու բացես փոքրիկ ամբարտակից.
Միտքըս ինձ այստեղից, առանց որ զգայի,
Ինձ ծայրեծայր քշեց, տարավ իմ հատակից:

Շուրջս հազար գույնի ծաղկող աստղավարդեր,
Շուրջս հազար խոհի ալիքներ են փլված,
Լիալուսնի նման մաքուր եւ սպիտակ
Իմ դեմ ահա կլոր մի սեղան է դրված:

Ես նայում եմ, գիտեմ,
Ու ես չկամ հիմա,
Ուզում եմ լաց լինել,
Բայց զգում եմ, որ՝ չէ,
Մոլոր ուլի նման
Կըմկըկամ հիմա,
Կբառաչեմ ցավից,
Սակայն ցավը չկա,
Առանց ակունք, անցավ, արցունքն էլ որտեղի՞ց,
Էլ որտեղի՞ց կգա:

Ուզում եմ լաց լինել,
Ու խշշում եմ կամաց,
Խշխշում եմ աշնան խաշամի պես,
Ինչպես…
Ավա՜ղ, խշխշում է սիրտը քամած:

Քո ձեռքի մեջ քամած,
Քո ձեռքերով քամած,-
Այս «Քո» հիշողության հայտնության դեմ ահա
Ես մնում եմ անզոր, լուռ, կարկամած:

Ու նստած եմ թեեւ,
Թեեւ պաղ մատներով
Պատառաքաղն ահա ափսեն է ճանկռոտում,
Բայց այստեղ չեմ հիմա,
Ես այստեղ չեմ հիմա,
Ես ինձ փչեմ հիմա՝
Խլածաղկի նման կանհետանամ օդում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում