«Կգա ժամանակ, երբ նորից կսկսեն գերակշռել երաժշտական ու գեղեցիկ երգերը»
Նմանատիպ
«Իրատեսի» հյուրը ռոք երգիչ, կիթառահար ՎԱՀԱԳ ՌԱՇՆ է: Զրույցի թեման՝ երգացանակ, ծրագրեր, խնդիրներ, քաղաքականություն:
– Վահագ, Ձեր երգացանկը շարունակում են համալրել հայ գրողների բանաստեղծությունների հիման վրա գրված երգերը: Քանի՞ նման երգ ունեք:
– Անկեղծ ասած, չեմ հաշվել, մոտավորապես 30 երգ եմ ձայնագրել, 100-ից ավելին դեռ թղթին է։
– Երբ բանաստեղծությունը սիրված է, հավանական է, որ ե՞րգն էլ ուշադրության կարժանանա, թե՞ կա մտավախություն` սիրված հեղինակի սիրված գործը պետք է ըստ արժանվույն ներկայացնել, պատասխանատվությունը մեծանում է:
– Բնականաբար, պետք է պատասխանատվությամբ մոտենալ, իսկ սիրված լինելը ինքնանպատակ չէ, եթե ինձ դուր է գալիս, արդեն լավ է (ժպտում է- Ա. Ս.):
– Ձեր երգերի երաժշտության հեղինակը բացառապես Դու՞ք եք:
– Ոչ միայն, ունեմ երգեր, որ հայրս է գրել, մեկ երգ՝ մորեղբայրս, իսկ վերջին շրջանում մի քանի երգ՝ շատ լավ կոմպոզիտոր Հասմիկ Արշակյանը:
– Կարելի՞ է ասել, որ «Լուսամփոփի պես աղջիկը» Ձեր այցեքարտն է:
– Ժամանակին այո, հիմա չգիտեմ արդեն, շատերը «Ես կգամ» երգով եմ ճանաչում ու սիրում ինձ:
– Ի՞նչ խնդիր ունեն երգիչներն այսօր՝ համերգներով ներկայանալու՞, ձայնասկավառակ կամ տեսանյութ թողարկելու՞, թե՞ այսօր առաջնայինը երգի տարածումն է համացանցում, հաջողության գրավականն էլ դիտումներն են ապահովում:
– Եթե նայենք բիզնեսի տեսանկյունից՝ խնդիրները շատ են, քանի որ իրական երգարվեստը մղվել է երկրորդ պլան, և գերակշռում է երգով փող աշխատելու ցանկությունը: Արդյունքում տուժում է հանդիսատեսը։ Սա նման է սննդին. կար ժամանակ, որ «Յուպին» ու «Ինվայթը», գազավորված ըմպելիքները, իբր բնական հյութերը բոլորիս սեղանին էին, բայց ժամանակի ընթացքում մարդիկ տարբերակեցին օգտակարը վնասակարից: Նույնն էլ երգարվեստում կլինի, կգա ժամանակ, երբ նորից կսկսեն գերակշռել երաժշտական ու գեղեցիկ երգերը, ոչ այն, ինչ հիմա մատուցվում է։
Իսկ խնդիրներն իսկապես բազմազան են, լավ երգիչները հիմա գումար չունեն, ինչու՞ ոչ, թեկուզ ներկայանալու համար։ Քանի որ ձայնագրությունները, գործիքավորումը, մեկ երգ թողարկելը փոքր ծախս չէ:
– Կենդանի համերգի ընթացքու՞մ են իրապես հաղորդակցվում երգչի հետ:
– Բնականաբար, կենդանի համերգին երգիչն ու հանդիսատեսը փոխադարձ շփման մեջ են և էներգիա են ստանում միմյանցից։
– Համերգներով հաճա՞խ եք հանդես գալիս:
– Հաճախ, բայց հիմնականում ակումբային ձևաչափով, իսկ մեծ բեմի համար խումբ է պետք: Առայժմ ժամանակ չունեմ դրանով զբաղվելու:
– Հեղինակային իրավունքները հաճա՞խ են խախտվում: Վերջերս աղմուկ հանեց «Ով է նա» երգի նոր կատարումը: Հեղինակը խնդիրը բարձրաձայնեց: Գործը դատարան հասավ: Ինքներդ առնչվե՞լ եք նման դեպքի:
– Ես առանձնապես չեմ հետևում, քանի որ երգը կատարողինն ու հանդիսատեսինն է դառնում թողարկման օրից, այսինքն, դառնում է հանրային սեփականություն։ Գողանալ չի կարելի, բայց երգել ոչ ոք չի կարող արգելել։
– «Հայ հեղինակում» գրանցու՞մ եք Ձեր երգերը:
– Երկար ժամանակ է՝ ոչ։ Առաջ գրանցում էի։
– Քաղաքականություն և մշակույթ կապի մասին ի՞նչ կասեք: Գիտենք, որ մեր երգիչ-երգչուհիները հիմնականում այս կամ այն քաղաքական բևեռում են: Նորմա՞լ եք ընդունում սա, թե՞ պետք է առավելագույնս ազատ լինի արվեստագետը:
– Երգիչը, արվեստագետը սովորական ՀՀ քաղաքացի են, նրանց էլ պետք է հետաքրքրեն ու մտահոգեն երկրին ու ժողովրդին վերաբերող հարցերը, ուստի դրական եմ համարում, երբ ունենում են կոնկրետ քաղաքական հայացքներ։
– Նիկոլ Փաշինյանի բառերով գրված երգը հավանու՞մ եք՝ որպես արվեստ, հղում, ասելիք, քաղաքականություն:
– Չեմ հավանում, անկեղծ: Առաջին երգը լավն էր, հեղափոխության ժամանակ ստեղծված, դա հոգով էր գրված։ Ճիշտ է, չուներ որակյալ հնչողություն, գործիքավորում, բայց հոգին կար։ Իսկ սա զուտ սարքած երգ է, բազմիցս նշել եմ, որ սարքած երգերը հոգի չեն ունենում։
– Ծրագրե՞ր…
– Շատ են՝ համերգներ, նոր երգեր, զուգերգեր, հոլովակներ։ Մանրամասն չեմ նշի, բայց խոստանում եմ, որ այս տարի ունկնդիրս պարապ չի մնա:
Զրույցը՝ Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ
Հետևեք մեզ նաև Telegram-ում