Մեներգիչ Ալեքսան Խաչատրյանը կատարեց հատընտիր արիաներ Բարոկկո դարաշրջանից
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում մարտի 7-ին կայացավ «Հատընտիր արիաներ Բարոկկո դարաշրջանից» խորագրով համերգային երեկոն՝ նվիրված Կանանց միջազգային օրվան: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, միջոցառման ընթացքում հանդես եկավ «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի 1-ին կարգի մրցանակակիր մեներգիչ Ալեքսան Խաչատրյանը (բաս), ում նվագակցեց Լևոն Հարությունյանը:
Ալեքսան Խաչատրյանը կատարեց Բարոկկո ժամանակաշրջանի երգերը, 3 հոգևոր արիա (Բախ, Հենդել, Դորանտե), ինչպես նաև 14 աշխարհիկ (Մարտինի, Դորանտե, Սկարլատի, Կալլդարա, Բենեդիկտ Մարչելո, Պերգոլեզի, Գլյուկ, Ջորդանի) երգեր:
«Բարոկկո դարաշրջանը հայտնի է գեղեցիկ, վեհ ու ազնվական զգացմունքների արտասովոր ու հանճարեղ մեկնաբանությամբ: Այսպիսի երաժշտությունը հասնում է յուրաքանչյուրի հոգուն ու սրտին: Վստահ եմ՝ այն հիանալի նվեր կլինի գարնանային գեղեցիկ տոների կապակցությամբ»,- ընդգծեց Ալեքսան Խաչատրյանը:
Մեներգչի կարծիքով` երգեցողության տեսանկյունից այսպիսի երգերը երգչին շատ բան են փոխանցում և պատահական չէ, որ բարոկկո շրջանի երգեր կատարել են այնպիսի երգիչներ, ինչպիսիք են Պավարոտին, Խվարաստովսկին, Ֆիշերը, Դիսկաուն, Ջիլին, Կառուզոն և այլք:
«Այս երգերն, իրենց մեջ կրելով ազնվականություն և վեհություն, այդ ամենը փոխանցում են երգչի ձայնին և վոկալին: Երգիչն էլ՝ իր հանդիսատեսին»,- շեշտեց Խաչատրյանը:
Մարտի 7-ը նաև Ալեքսան Խաչատրյանի ծննդյան օրն է: Մեներգչի համար իր ծննդյան օրը սիրելի մաեստրո Լևոն Հարությունյանի հետ մենահամերգով հանդես գալը մեծ պատիվ է:
Խաչատրյանը շատ ուրախ է, որ կարողացավ բարոկկո ժամանակաշրջանի վեհությունն ու ազնվականությունը փոխանցել կանանց ու աղջիկներին և թողնել այդ զգացումը նրանց հոգում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում