Նոր գիրք՝ «Կարոտս փափուկ»
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, Aravot.am: Գիրքը մի յուրօրինակ հարգանքի տուրք է, մեծ սիրո եւ նվիրվածության վառ արտահայտություն հեղինակի մոր՝ Անուշ Օհանջանյանի եւ մեծանուն բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի 100-ամյակներին: Երկուսն էլ ուղեցույց են եղել Զաբելա Աբելյանի կյանքում: Մայրը կյանք է պարգեւել, հոգեմայրը՝ ներշնչանքի աղբյուր հանդիսացել:
Ժողովածուն ընդգրկում է 100 բանաստեղծություն, որը համահունչ է 100-ամյակներին: Մեծ մասը գրվել է 2018-19 թվականներին:
«Զաբելա Աբելյան. երկու մայրեր եւ հարյուրամյակներ» բանախոսականում ամերիկաբնակ Վահե Աբելյանը (ազգանունը զուգադիպություն է, ֆեյսբուքյան մտերմություն) սիրով ու պատկերավոր է ներկայացրել Զաբելայի մոր եւ Սիլվա Կապուտիկյանի հոբելյանները. «Երկու մայրական կիներ, որոնց կյանքերուն գնացքները զուգահեռական չեն ունեցած, բայց ունեցած են հասարակաց սեր մը՝ գրականության սերը»:
Վ. Աբելյանի նկատառումը որոշակի է՝ մայրերի ընդհանուր հայտարարը գրականության սերն է եղել, մայրանալը, մանուկ հասակում հեղինակի նկատմամբ քնքշությունը, գուրգուրանքը, որոնք հիմնավորվելով Զաբելայի հոգում՝ երախտագիտության զգացում, կարոտ են առաջացրել՝ ձոներգելու մայրերի հիշատակին. «Մայրը սոսկ բառ չէ, // Մայրը մեծ կյանք է // Ու բազում կյանքեր առաջ մղելու// Լույս արձագանք է»: Բանախոսը գնահատում է հեղինակի ջինջ լեզուն, աղվոր պատկերները, անկեղծ զգացումները, դյուրընթեռնելի լինելը: «Զաբելային համար գրականությունը ամենօրյա ապրում մըն է: Գրեթե ամեն օր գրական բան մը ունի ըսելիք ֆեյսբուքին իր էջին վրայ…»:
Վահե Աբելյանը վստահաբար ասում է. «…Որ զոյգ մայրերը բացարձակապես բավարարված պիտի ըլլան իրենց դուստրին եւ հոգեդուստրին ընծայած գրական ծաղկեփունջին համար»:
Զաբելայի գրական գործունեությունը աննկատ չմնաց. ԱՄՆ-ի հայ գրողների միությունը նրան պարգեւատրեց գրական վաստակի, մշակութային կյանքում նրա ունեցած գործուն մասնակցության համար:
«Կարոտից ծնված ներբողներ» վերջաբանում գրականագիտական հայացքով է հանդես եկել «Կարոտս փափուկ» ժողովածուի հրատ. խմբագիր Արմեն Ավանեսյանը. «Բանաստեղծությունների այս ժանրը հաճախ է բնութագրում որպես ձոներգ: Միեւնույն ժամանակ այն սիրո եւ նվիրվածության խոստովանությունների հավաքածու է, այսինքն՝ հուշարձան, որն ունի հավասար եւ երբեմն անհավասար բովանդակություն: Այդ բովանդակությունը միշտ եւ անպայման նկարագրում է ազնվական նյութը, կարեւոր եւ հրաշակերտ, մատընտիր խոսքերով: Կառույցի մեջ ներբողի սյուժեն գրեթե միշտ «սերն» է. «Դու մեզ տվեցիր մայրական պատգամ// Լինել հայրենասեր, // Քարքարոտ ճամփան հարթեցնել արագ, // Մայրական հոգուն խաղաղություն տալ»:
Գրախոսը նշում է, որ նման գրքերը փառաբանման խորհուրդ ունեն: Կարոտի ցավը, հույզը չեն մթագնում ասելիքը, այլեւ քնքուշ հույզի շնորհիվ հաջորդող տողերում փառաբանումն ավելի է գնահատելի դարձնում: Թեման կարծես թե միատարր է, սակայն Զաբելան անդրադառնում է այլ թեմաների եւս. իր ապրած կյանքին. «Այս ինչ սպիտակ թաղանթ է պատել, // Կապույտ երկինքն է լռին ճերմակել, // Չի հեռանում թաղանթը մեզնից, // Մի նոր դիմակ է՝ օրերի դեմքին»:
Միօրինակությունը հաղթահարվում է ներքին հանգով, պատկերի իմաստավորմամբ, հնչերանգային վերացարկմամբ, բայց հեղինակի առաջադրանքներին համապատասխան: Գրախոսը ճիշտ է նկատել, որ բանաստեղծուհին պահանջ ունի ջերմ ու անկեղծ հաղորդակցման, որն էլ սիրով ու նվիրվածությամբ է արտացոլվում «Կարոտս փափուկ» գրքում:
Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ Գիրք նվիրելու տոնը, խորհրդանշական դարձավ նաեւ բանաստեղծուհի Զ. Աբելյանի համար: Հենց այդ օրը նշվեց նրա «Կարոտս փափուկ» նոր գրքի ծնունդը, որի շնորհանդեսը կայացավ Սիլվա Կապուտիկյանի խնկաբույր հարկի ներքո՝ տուն-թանգարանում, որի դռները բաց են գրապաշտ մարդկանց, հյուրերի, գրքի եւ մշակույթի գործիչների առջեւ:
Տուն-թանգարանի տնօրեն Արմենուհի Դեմիրճյանը սիրահոժար է հանձն առել ժողովածուի խմբագիրը լինելու առաջարկին: «Զաբելան մեղմաբարո, ընդգծված հմայքի տեր անձնավորություն է, իսկ նրա ժողովածուն երախտապարտ դստեր հոգուց բխած ձոներգեր են, հիշատակի պսակ՝ ծնող մորը եւ հոգեւոր մորը»:
Շնորհավորանքները ջերմ էին, սրտաբուխ: Ահա դրանցից մի փոքրիկ ծաղկեփունջ: Հրատ. խմբագիր Արմեն Ավանեսյան. «Միջոցառումը նման էր ծիսական խոնարհումի…»: Բանաստեղծ Վարդան Գրիգորյան. «Զաբելան քնքուշ հոգի ունի, հրաշք է, որ նա կարողացել է ինքնաբացահայտվել՝ զգացմունքները ձոներգերի վերածել: Այն ազգը, որը մշակույթ է արարում՝ կհարատեւի»: Ռեժիսոր Վաչագան Փահլեւանյան. «Ինչպես եկեղեցի մտնելիս ենք խաչակնքում, այնպես էլ այս հոգեւոր սրբատուն մտնողը պիտի մի պահ կանգնի, խաչակնքի ու աղոթք մրմնջա»: Երգիծաբան Հրանտ Հորիզոն. «Մարդամոտ է, գրչակիցների նկատմամբ ուշադիր եւ նվիրված հոգի»: Գեղանկարիչ Մարտիրոս Պետրոսյան. «Մեղմ, բարի դիմագծեր ունի: Մայրասեր է, հայրենասեր, խաղաղության աղավնի…»: Փոքր Վեդիից դպրոցական Ռաֆայելը Սիլվա Կապուտիկյանի «Փոքրիկ Արա, ականջ արա» գիրքը նվեր ստացավ եւ խոստացավ Զաբելայի հաջորդ գրքի նկարիչը լինել: Բանաստեղծուհի Մելսիդա Հակոբյան. «Սիրում է ֆեյսբուքային ընկեր լինել, շփվել, ծանոթություններ հաստատել: Հաճախ է լինում գրական միջոցառումներին, հոգին բարեկամեցողությամբ է լցված…»:
Միջոցառումն ավարտվեց տոնական տրամադրությամբ: Գրքեր նվիրեցին, իսկ Մ. Հակոբյանի ձեռամբ Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի տնօրեն Արմենուհի Դեմիրճյանն արժանացավ Արվեստի տան «Գրական մեղեդիներ» պատվոգրի:
Գուրգեն ԼՈՌԵՑԻ
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2020/03/09/1098700/
© 1998 – 2020 Առավոտ – Լուրեր Հայաստանից
Հետևեք մեզ նաև Telegram-ում