Դատավորը չի ուզում գործը քննել

«Հրապարակ»-ը գրում է. «Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանը ոչ մի կերպ չի ուզում քննել Քրեակատարողական վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանի գործը: Նա մի անգամ արդեն հրաժարվել էր դրանից, և գործը գնացել էր Կենտրոնի դատարան: Սակայն կրկին վերադարձել է Արաբկիր՝ Արմեն Խաչատրյանի վարույթ: Նա վերջապես դատական նիստ էր նշանակել, որը պետք է կայանար հունիսի 25-ին: Սակայն առաջին դատական նիստը զուտ ձևական բնույթի է եղել: Ոչ դատախազն է ներկա եղել, ոչ տուժողները: Դատավոր Արմեն Խաչատրյանը, դատաքննությունը դեռ չսկսած, որոշել է այն հետաձգել մեկուկես ամսով:

Բանն այն է, որ հուլիսի 1-ից սկսվում է Արմեն Խաչատրյանի ամառային արձակուրդը: Հաջորդ դատական նիստը կկայանա օգոստոսի 8-ին: Անհասկանալի է, թե ինչու գործը չմակագրվեց այլ դատավորի, կամ ինչու դատավոր Արմեն Խաչատրյանը վարույթ ընդունեց այն, եթե գիտեր, որ շուտով արձակուրդ է գնալու: Հիշեցնենք, որ Սամվել Հովհաննիսյանը մեղադրվում է միաժամանակ երկու միմյանց հետ կապ չունեցող արարքներում՝ մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով և պատվերով սպանություն նախապատրաստելու, ինչպես նաև խարդախության»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում