675 միլիոն դրամի արտոնություն՝ Սուքիասյանի ընկերությանը. Կառավարությունն ազատել է մաքսատուրքից
Կարդացեք նաև
Լրատվամիջոցները, ուսումնասիրելով Կառավարության նիստի օրակարգը, ուշագրավ նախագիծ են նկատել. «ՄԵԳԱ ՓՐՈԴԱՔՇՆ» ՍՊԸ-ն ազատվելու է ներմուծման մաքսատուրքից: Ըստ մամուլի բազմաթիվ հրապարակումների՝ այս ընկերությունը պատկանում է գործարար Խաչատուր Սուքիասյանին, և դրան է պատկանում Հայաստանում գործող միակ նավթավերամշակման գործարանը:
Որոշման համաձայն՝ ընկերությանը թույլատրվել է օգտվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի արտոնությունից: Նախատեսվում է ներմուծել 13,5 միլիարդ դրամի տեխնոլոգիական սարքավորումներ, դրանց համալրող մասեր, հումք և նյութեր՝ նավթամթերքի արտադրություն իրականացնելու համար: Պետական բյուջեից ընկերությանը զիջվող մաքսատուրքի արտոնության չափը գնահատվում է շուրջ 675 միլիոն դրամ:
Գործադիրն իր որոշման հիմնավորման մեջ նշում է, թե նախագիծը բխում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի «մշակող արդյունաբերություն» բաժնից, և արտոնությունը խթան կհանդիսանա նոր ներդրումների, աշխատատեղերի ստեղծման ու արտահանման համար: Սակայն լրագրողական ու փորձագիտական շրջանակներն արձանագրում են, որ նման խոշոր հարկային արտոնությունները շարունակում են տրամադրվել իշխանամերձ բիզնեսի ներկայացուցիչներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում