Արմեն Գեւորգյանի անունից հսկայական գումարներ են գողացել
Նմանատիպ
Հրապարակ թերթը գրում է, որ օրերս մեկնարկելու է հանցագործ խմբի կողմից մարզպետներից ու գյուղապետներից խաբեությամբ գումար շորթելու գործով դատավարությունը։ Խարդախության կազմակերպիչները բանտում իրենց կալանքը կրող դատապարտյալներ են, որոնք զանգահարել են գյուղապետների, մարզպետների և, ներկայանալով նրանց վերադասի անունից, տարբեր չափի գումարներ պահանջել՝ իբր 1-2 օրից վերադարձնելու նպատակով։ Դրական պատասխան ստանալուց հետո տաքսու վարորդին ուղարկել են գումարի հետևից և ստացել։ Ուշագրավն այն է, որ խարդախության զոհերը՝ Լոռու, Արարատի, Շիրակի, Արմավիրի և մի քանի այլ մարզերի մարզպետները, որոշ փոխմարզպետներ, ինչպես նաև մի շարք գյուղապետներ, անգամ չեն կասկածել, որ իրենց «քցում են»։
Խումբն իր պլանն իրականացրել էր մեկ ամսվա ընթացքում և այդ ժամանակահատվածում հսկայական գումարներ շորթել։ Մեր տեղեկություններով, միայն երկու գյուղապետից նրանց հաջողվել էր 900 հազար դրամ ստանալ։ Մարզպետներին էլ զանգահարել և ներկայացել են փոխվարչապետ Արմեն Գևորգյանի անունից և նույն եղանակով հսկայական գումարներ ստացել։ Որոշ դեպքերում այդ գումարը հասել է մի քանի միլիոն դրամի։ Խմբի պլանը բացահայտվելուց հետո մոտ 1 տարի քննություն էր իրականացվում։ Ուշագրավ է, որ խաբված չինովնիկները նախաքննության ընթացքում փորձել են նվազեցնել իրենց տված գումարների չափը, որոշները նույնիսկ հրաժարվել են, թե գումար են տվել՝ դրանով թերևս փորձելով ազատվել լրացուցիչ գլխացավանքից, գրում է Հրապարակը։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: