Բարձրարժեք գույքը կհարկվի ավելի բարձր դրույքաչափերով
Նմանատիպ
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Գույքահարկի հարկման համակարգի արդյունավետության բարձրացման ուղիները» հայեցակարգին, որի նպատակն է միջազգային փորձի հիման վրա նախանշել գույքահարկի հարկման մեխանիզմների կատարելագործման, ինչպես նաև հարկման համակարգի արդյունավետության բարձրացման ուղիները։ Գույքային հարկերի համակարգի հետագա կատարելագործման արդյունքում բարձրարժեք գույքը կհարկվի համարժեք’ ավելի բարձր դրույքաչափերով, կստեղծվի անշարժ գույքի պաշարների ճշգրիտ տեղեկատվական բազա, ինչը հնարավորություն կտա մեծացնել հարկման արդարացիությունը։
Կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև կնքված «Հանրային ֆինանսական կառավարման հզորացում» բազմադոնորային ծրագրային հավատարմագրային հիմնադրամի դրամաշնորհային ծրագրի համակարգման լիազորությունը վերապահվել է ՀՀ ֆինանսների նախարարին կից կոլեգիային։ Վերոհիշյալ դրամաշնորհային ծրագրի պատասխանատու մարմինն է ՀՀ ֆինանսների նախարարությունը։
Իր նիստում գործադիրը հաստատել է պետական անտառների պահպանության, պաշտպանության, վերականգնման և անտառապատման, առանձին աշխատանքների կատարման ծախսերի նորմատիվները, որոնց կիրառումը կնպաստի պետբյուջեով հատկացվող ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործմանը։ Մեկ այլ որոշմամբ հաստատվել է ջրերի հաշվառման այլընտրանքային կարգը հաստատելու նախկին որոշման լրացումը, որով կկանոնակարգվի ջրային պաշարների հաշվառման գործընթացը։
Կառավարության որոշումներով ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչությանը թույլատրվել է մրցույթով օտարել Երևանի Դեղատան փողոցի 2-րդ շենքի առաջին հարկի և նկուղի 62.2 քառ. մետր և Երևանի Րաֆֆու փողոցի 103 հասցեում գտնվող տարածքները, ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Գուգարք» կարի ԱՄ-ի կազմից առանձնացված «Դարպասի արտադրամասի» գույքն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել գույքի վարձակալ, Վանաձորի «Վաբա» ՍՊԸ-ին, Երևան քաղաքի 157-րդ միջնակարգ դպրոցի և 37-րդ հիմնական դպրոցի համապատասխանաբար 147 քառ. մետր և 102.2 քառ. մետր մակերեսով տարածքները 10 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «ՀՀ երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ին’ իր ներկայացրած ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում