Նայեք ձեր շուրջը, Արցախի շատ հարգելի իշխանություններ, գործելու ժամն է. Հրանտ Մելիք-Շահնազարյան
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, Facebook: Վերջին շրջանում շատ եմ լինում Արցախում։ Ուշադիր հետևում եմ այնտեղ ընթացող ընտրապայքարին, և հիմա ուզում եմ մի քանի դիտարկումներով կիսվել։ Նախ և առաջ, կապված Արցախի տարբեր բնակավայրերում ընտրարշավը խուլիգանության հետ շփոթած, իրանք իրանց քաղաքական գործիչ կարծած խմբակի գործողություններով, որոնք, վստահ եմ, հետզհետե էլ ավելի մեծ թափ են ստանալու։ Իրավիճակը սրվելու է Մասիս Մայիլյանի գործերը վատանալուն զուգընթաց։ Ինքը՝ Մայիլյանը, դրանում իհարկե մեղավոր չի։ Ինքը չի այդ խմբակին քաղաքական դաշտ բերել։ Պատասխանատուի անունը հայտնի է՝ Սամվել Բաբայանն է։ Հենց Բաբայանն է ժամանակին հասկացել, որ ընտրարշավում «անվտանգության բարձիկ» է պետք։ Որ հենց գործերը վատանան, սկսեն իրենց ձևերով վիճակ «շտկել»։ Հիմա էլ ահա «շտկում» են։ Որովհետև հասկացել են, որ երկրորդ փուլի շանս չունեն այլևս։ Պարտվել են։ Ժամանակից ավելի շուտ են պարտվել և հիմա անում են այն, ինչի մասին բազմիցս զգուշացրել եմ Արցախի պաշտոնյաներին ու քաղաքական վերնախավի ներկայացուցիչներին։
Արցախին դժվար օրեր են սպասվում։ Բոլոր առումներով դժվար։ Բայց այդ դժվարությունները հաղթահարելու բանաձևն էլ կա։ Կոչվում է վճռականություն։ Արցախի իշխանություններն ու վերնախավը պետք է իրավիճակից բխող մի քանի քայլ կատարեն հիմա։ Բայց ամենից առաջ պետք է կանխել առավել մեծ վտանգը՝ Նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը Արցախում։ Կարծում եմ, հայկական երկրորդ պետությունը հապաղում է այս հարցում։ Ժամ առաջ այնտեղ էլ է պետք արտակարգ դրություն հայտարարել և բնակչությունը պաշտպանելու խիստ միջոցառումներ ձեռնարկել։ Վստահ եմ, բոլորն են հասկանում, որ սա կարևոր է ոչ միայն Արցախի բնակիչների համար։ Աստված չարասցե՝ վիրուսի տարածման մի նոր աղբյուր էլ Արցախում ի հայտ գա։ Այս հարցում չի կարելի հապաղել։
Երկրորդ, Արցախում լուրջ զրույցի կարիք կա։ Խոսքը, քաղաքական ուժերի և ազդեցիկ մարդկանց զրույցի մասին է։ Բոլորը պետք է նստեն և շատ կոնկրետ բաներ պայմանավորվեն։ Իրար մեջ։ Հանուն Արցախի։
Չլինի այս խոսակցությունը, չի լինի նաև կայունություն։ Չլինի այդ պայմանավորվածությունը, կլինի քաոս։ Ձախողում։ Ամենազարմանալին այն է, որ Արցախի վերնախավը դա հասկանում է, տեսնում է իր մոտալուտ վախճանը, բայց միևնույն է ոչինչ չի նախաձեռնում։ Վճռականությունը չի բավարարում։ Աբսուրդ։
Բայց ոչինչ չանելու լիմիտներն արդեն սպառվում են։ Նայեք ձեր շուրջը, Արցախի շատ հարգելի իշխանություններ, և ամեն ինչ կտեսնեք։ Գործելու ժամն է։ Վաղը արդեն ուշ կլինի։
Հետևեք մեզ նաև Telegram-ում