Արտավազդ Սահակյան. «Ասացին գրառումս խուճապածին է, պետք է ջնջեմ»
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, Aravot.am: Ճանաչված բժիշկ Արտավազդ Սահակյանը ֆեյսբուքի իր էջում գրառում էր կատարել, որով ըստ էության զորակցում էր կառավարությանը, կոչ անում կիրառել խստագույն միջոցառումներ՝ մարդկանց տեղաշարժը և շփումը բացառելու համար, նկատի ունենալով այն, որ Երևանի փողոցներում առայժմ տիրում է աշխուժություն եւ եռուզեռ: Ոստիկանությունից պահանջել էին հեռացնել գրառումը, ինչը եւ արել է ՀՀ վաստակավոր բժիշկը: Ի դեպ, նրա գրառումը հրապարակվել է բազմաթիվ կայքերում:
Aravot.am-ի հետ զրույցում պարոն Սահակյանը շեշտեց, որ ինքը քաղաքականությամբ չի զբաղվում, բայց հարկ համարեց նշել հետեւյալը. «Որպես առողջապահության ոլորտի աշխատակից՝ ասել եմ այն, ինչ ինձանից հետո առողջապահության նախարարն է ասել, որ մարդիկ պետք է քիչ շփվեն, կարգ ու կանոն պահեն, որպեսզի կարողանանք այս իրավիճակից դուրս գալ:
Կենտրոնի ոստիկանությունից երկու երիտասարդ եկան եւ շատ հարգալից ասացին, որ իմ հոդվածը խուճապածին է: Բացատրեցի, որ ես ասել եմ նույնը, ինչ կառավարությունը, բայց մեկ է՝ իրենք, ասելով, որ մինչեւ քանի տարի ժամկետով ազատազրկման մասին է խոսքը, պահանջեցին, որ ջնջեմ, ինչը եւ արվեց:
Հետաքրքիրն այն է, որ սա իմ առաջին ելույթը չէր: Մի քանի օր առաջ պահանջեցի, որ պետք է դպրոցները փակել, եւ Կառավարութունը մեկուկես ժամ հետո նույնը արեց: Հիմա սա, ինչ ասել եմ, նախարարն էլ է ասել: Որեւէ արտառոց բան չեմ տեսնում գրառման մեջ, միայն զարմանում եմ այն մարդկանց վրա, որոնք ուղարկել են այդ երիտասարդ սպաներին: Ճիշտ է, նրանք ինձ հետ շատ հարգալից էին եւ հետո իրենք հրաման էին կատարում»:
Մեր զրույցի ավարտին Արտավազդ Սահակյանը կրկին ընդգծեց. «Ես նորից պնդում եմ, որ Երեւանի փողոցներում պետք է եռուզեռը սահմանափակել, վարակը կասեցնելու միտումով: Օգտվելով առիթից՝ կրկին կոչ եմ անում բոլորին մնալ տներում եւ փողոց դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության պարագայում»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում