0% տոկոսադրույքով վարկեր՝ գյուղատնտեսությանը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, Tert.am: Կառավարության մամուլի կենտրոնում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանը և Տիգրան Գաբրիելյանը մանրամասներ ներկայացրին կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ ծրագրի մասին, որն ընդունվել է այսօր՝ Կառավարության նիստին, և վերաբերում է գյուղատնտեսության ոլորտին:
Արման Խոջոյանը նշեց, որ մշակված գործիքները նաև գործող ծրագրեր են, որոշները որոշ չափով վերափոխվել են, իսկ մյուսների մասով սուբսիդավորումը կազմել է 100 տոկոս, այսինքն՝ գյուղացու համար սահմանվում է 0 տոկոս տոկոսադրույք:
«Առաջին փաթեթը միկրովարկեր են, այսինք՝ մինչև մեկ միլիոն դրամ վարկերը մարդիկ կարող են վերցնել 0 տոկոս տոկոսադրույքով: Եթե բանկը համարի, որ տվյալ ֆերմերը կարող է օգտվել նման վարկատեսակից, ապա արտոնյալ ժամկետ է սահմանվում մինչև 9 ամիս, իսկ մարման ժամկետը մինչև երկու տարի է»,– ասաց նա:
Փոխնախարարը հայտնեց նաև, որ մենք ունենք 3-ից 15 միլիոն դրամանոց վարկատեսակներ, որոնց մարման ժամկետ մինչև 5 տարի է սահմանված, իսկ արտոնյալ ժամկետը մեկ տարին է: Նա նշեց, որ ռիսկերից ապահովագրելու համար պետությունն առաջարկում է կարկտապաշտպան ցանցերի ներդրում, ինչի համար ևս տալիս են անտոկոս վարկեր, կամ գյուղացիական ապահովագրության գործիքը: Նա նշեց որ վերամշակողներին առաջարկում են երկարացնել գործող ծրագրի վարկի մարման ժամկետը:
«Սարքավորումների լիզինգի ծրագրում փոփոխություններ են եղել և ավելացում է կատարվել, որով հնարավորություն է տրվել, որպեսզի ջերմոցները, սառնարանները և գյուղատնտեսական նշանակության պահեստային տնտեսությունները հանդիսանան գրավի առարկա: Մենք ցանկանում ենք որ գյուղատնտեսությունը վերափոխվի, որ գյուղատնտեսությունը ոչ թե լինի պարզապես զբաղվածություն, այլ լինի պլանավորված բիզնես, որ գնահատի իր բոլոր ռիսկերը»,-ասաց նա:
Տիգրան Գաբրիելյանը նշեց, որ նախատեսված արտոնություններն անասնապահության ոլորտին ևս վերաբերում են: «Ֆերմերներն արդեն կարող են ձեռք բերել կենդանիներ՝ 0 տոկոս վարկով, վարկի գումարը մեկ ֆերմերի համար կազմում է մինչև 300 միլիոն դրամ, վարկի մարման ժամկետը մինչև հինգ տարի, արտոնյալ ժամկետը՝ մեկ տարի»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ծրագրեր են առաջարկելու նաև անասնապահության, բուսաբուծության ոլորտում:
Ինչ վերաբերում է թանկացումներին, Արման Խոջոյանը նկատեց, որ նախորդ տարիներին նույն սեզոնին լոլիկի վաճառքի գինը 750 դրամ էր, այսօր 1300 դրամ է: Ըստ նր՝ գուցե դա պայմանավորված է նրանով, որ սահմանափավել է ներկրումը: Արման Խոջոյանը նաև նշեց, որ շուկայի վերահսկողությունը ՏՄՊՊՀ-ի գործառույթն է: Տիգրան Գաբրիելյանն էլ նշեց, որ ներկրվող ապրանքի դեպքում գուցե լինի թանկացում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում