Ներսես Աթաբեկյան. Քսանհինգ օրից գարուն է

Ներսես Աթաբեկյան. Քսանհինգ օրից գարուն է

Քսանհինգ օրից գարուն է,
Թեթևսոլիկ ինչպես քսան տարի առաջ,
Բերանբաց,
Անառիթ ծիծաղի պատրասատ լրջությամբ,
Մուշտակից ազատված կնոջ մեջք,
Գուլպայից մաքրվող սրունքի պես ճերմակ,
Հանկարծակի կեռման անծանոթ խճուղում,
Որից նվաղում է սիրտդ
Ու քեզ նորից քո անցյալն է հղում:
Ջրերը լցվում են ջրերի մեջ,
և ամեն ջուր գիտի որտեղից է գալիս,
և ամեն ինչ թվում է ինքնամատույց ու մերկ,-
աղջիկները մայթին,
ծառը` նախորդ դարից,
շարքը կրպակների
ու երկնագույն ներկած
երկինք` իր ցած սահող
նրբին ներքնաշորով,
որ մի թեթև քամուց դառնում է ամպ
և անձրև է դառնում օրոր-շորոր,
Իսկ քեզ համար` արցունք,-
Որ գարո՛ւն է, ինչպես քսան տարի առաջ,
Որ գարո՛ւն է` ինչպես քսան տարի առաջ,
Որ գարո՛ւն է-
Ո՛չ դու…

Աղբյուր՝ Granish.org

Հետևեք մեզ նաև Telegram-ում