Գուցե զանգեք և լսեք ձեր թիմից դուրս փորձառու մասնագետների տեսակետը․ Լիլիթ Գալստյան
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, Times.am: ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը՝ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով երեկ վարչապետ Փաշինյանի կողմից անհայտ հեռախոսահամարներին կատարված զանգերին։ Նա մասնավորապես դիմել է վարչապետին՝ ասելով, որ ժողովրդին զանգելու և թոշակների՝ բոլորին հայտնի գումարն ու յոլա գնալու ռեժիմը ճշտելու փոխարեն, զանգեք, դիմեք, հրավիրեք և միասնական լուծումներն ու ջանքերը համադրելու անկեղծ, ոչ ցուցադրական սրտացավությամբ լսեք ձեր թիմից դուրս իսկապես փորձառու մասնագետների տեսակետն ու առաջարկությունը:
Գրառումն ամբողջությամբ՝ ստորև․
«Երկիր մոլորակում պատերազմ է, աներևակայելի, պարականոն պատերազմ: Այս մասին՝ անկեղծ ու անթաքույց հայտարարում են աշխարհի մեծերը:
Այս մասին է համաշխարհային լրահոսը. գամված հեռուստացույցի առջև՝ զարհուրած հետևում ենք, թե ինչպես են բառացիորեն մաշվում ազգերն ու պետությու «հակառակորդը» չի խնայում հարուստ, աղքատ, վարչապետ կամ իշխան: Արձանագրում ենք, թե, ինչպես են անճարակությունից խենթանում առաջնորդները, ինչպես է աշխարհը կամաց-կամաց համակերպվում աներևակայելի մարդկային կորուստների հետ… ու, ինչպես է քո սիրելի քաղաքը թաղվում լռության ու վատ լուրերի սպասումի մեջ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հակամարտությունները սառեցնելու, մերդեղեն ու մեծատես լինելու կոչ է անում:
Աշխարհի քսան մեծերը՝ մեկ սեղանի շուրջ հավաքվելու բարդույթ ունեցող մեծերը, հավաքվում են հեռավար մեկ սեղանի շուրջ: Ամեն ինչ ավելի քան պարզ է՝ աշխարհը աննկարագրելի փոքրացել է ու այդ ցանցի մեջ են բոլորը: Համաշխարհային մարտահրավերը հաղթահարելու դեղատոմսը պարտադրում է միասնական ջանքեր, այլընտրանք չկա:
Աներկբա է, համավարակին հաջորդելու են նոր ժամանակներ, ուր մրցունակ կլինեն այն հասարակությունները, որոնք արագորեն կվերադասավորեն քաղաքական և բարոյական արժեքները, քաղաքական փիլիսոփայության և վարքագծի միանգամայն նոր չափանիշեր կսահմանեն, կգիտակցեն կառավարչական նոր որակներով և սկզբունքներով առաջնորդվելու հրամայականը:
Աներկբա է, որ համաշխարհային նոր՝ հետհամաճարակային իրողություններում, փոխվելու են շեշտադրումները և անգամ աշխարհի մեծերը կենտրոնանալու են նախ սեփական մարտահրավերներն ու իրենց դիրքերն ամրապնդելու կոորդինատում:
Աներկբա է, որ շատ պետություններ կփորձեն խաղարկել ճգնաժամից շահեկան դուրս գալու սեփական սցենարները: Այստեղ է, որ հատկապես փոքր, սահմանափակ ռեսուրսներով երկրներից բացառիկ ճիգ, ռեսուրսների մոբիլիզացիա, իշխանությունների բարոյական լեգիտիմություն, լայնախոհություն և ազգային համախոհություն է պահանջվում:
Հանուն արդարության պիտի արձանագրեմ, որ մեր իշխանությունները քայլեր ձեռնարկում…որակի և արդյունավետության մասին հետո կխոսենք…
Երեկվանից, ինձ ստիպելով, հետևում եմ վարչապետ Փաշինյանի քաղաքացիների հետ հեռախոսազրույցները: Գուցե PR տեսակետից արդարացված է, գուցե…չգիտեմ…
Նպատակը ինչ-կա-չկա հասկանալն է, անկեղծանում է վարչապետը: Ես, առհասարակ, գնահատում եմ անկեղծությունը, անգամ քաղաքականության մեջ: Միշտ եմ հաստատել՝ ամենաարդյունավետ քաղաքականությունը բարոյական քաղաքականությունն է:
Բայց, եթե վարչապետի և նրա թիմի անկեղծ նպատակը ինչ-կա-չկա հասկանալն է, և նրանք անկեղծ են այդ մղումի մեջ, ապա ինչպես հասկանալ այս օրերին խորհրդարանական հարցուպատասխանի ժամանակ ընդդիմությանը կրկին սվիններով հակազդելու, «լավ տղու» բարեվարքությամբ ընդդիմադիրներին լռեցնելը: Մենք սովորել ենք, արդեն հասկացել ենք ու ճանաչել ձեզ, բայց մի տեսակ՝ ժամանակներն են շատ ուրիշ:
Մոռանում եք, որ այդ պոտենցիալ զանգվողների ներկայացուցիչներն են խորհրդարանում, պատգամավորներ, ովքեր հավաքական, ամբողջական տեսակետ են փոխանցում:
Այն հին՝ համավարակին նախորդած ժամանակներում դրսևորած աննախադեպության, ամեն ինչ քանդել-սարքելու, այլակարծությունը մերժելու, ժողովրդի «ум, честь и совесть»-ի անունից խոսելու , լավ տղու վարքագիծը մերժելի է, զզվելի և անհեռատես:
Այս օրերին և առաջիկայում մեկ՝ այն էլ անփորձ քաղաքական ուժի ներուժով, քաղաքական մոնոպոլացման, մտահորիզոնի և մտայնության ներկա որակներով, առաջարկություններն ու տեսակետները մերժելու վարքագծով գործնականում անկարելի է հաղթահարել ներկա և առաջիկա մարտահրավերները:
Ժողովրդին զանգելու և թոշակների՝ բոլորին հայտնի գումարն ու յոլա գնալու ռեժիմը ճշտելու փոխարեն, գուցե զանգեք, դիմեք, հրավիրեք և միասնական լուծումներն ու ջանքերը համադրելու անկեղծ, ոչ ցուցադրական սրտացավությամբ լսեք ձեր թիմից դուրս իսկապես փորձառու մասնագետների տեսակետն ու առաջարկությունը:
Մի թերագնահատեք նաև երևույթի բարոյական կապիտալը…
Հետևեք մեզ նաև Telegram-ում