Մայրաքաղաքում տեղադրված տեսախցիկների եւ արագաչափերի շնորհիվ վթարները պակասել են

Մայրաքաղաքի խաչմերուկներում տեղադրված տեսախցիկներն օգնել են վարորդներին ավելի լավ իմանալ երթեւեկության կանոնները: Լրագրողների հետ հանդիպմանը նման համոզմունք հայտնեց «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը: Նրա խոսքով’ եթե նախկինում վարորդների 99% չգիտեին երթեւեկության կանոնները, ապա այժմ այդ ցուցանիշը հասել է 90%-ի: «Տեղադրված տեսախցիկների եւ արագաչափերի արդյունքում վթարները որոշակիորեն քչացել են, ինչը չի կարելի ասել վրաերթերի մասին»,- նշեց նա:

Հովհաննիսյանի խոսքով’ Հայաստանում չի կատարվում վթարների վերլուծություն: «Ճանապարհային ոստիկանությունը պարզաբանումներ չի տալիս, թե օրինակ ինչու է վրաերթերի թիվը կազմում ՃՏՊ-ների 30-31%-ը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ’ հավելեց բանախոսը:

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հուլիսի 1-ից գործարկվելու են Երևանի Աճառյան փողոցում (դեպի Մյասնիկյան պողոտա ուղղության վրա), Թբիլիսյան (երկու ուղղություններով) և Սևանի (դեպի Սևան քաղաք ուղղության վրա) խճուղիներում նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը:

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է նաև, որ ճանապարհի տվյալ հատվածներում երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում