Շատ դեպքերում պարետատունը թաքցնում է անձանց՝ վարակակիր լինելու հանգամանքը և ժողովրդի զգոնությունը նվազում է. Գ․ Գրիգորյան (տեսանյութ)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, Tert.am: Շատ դեպքերում պարետատունը թաքցնում է վարակակիրների, այսպես ասած, վարակակիր լինելու հանգամանքը և դրանով իսկ ժողովրդի զգոնությունը նվազում է։ Դեպքերը չհայտնելը, դեպքերի մասին գոնե աշխարհագրորեն բնակչությանը չտեղեկացնելը հղի է լուրջ բարդություններով։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «COVID-19 Հայաստան» փաստահավաք խմբի անդամ Գևորգ Գրիգորյանը։
«Մենք այսօր ունենք անկառավարելի վարակ, որը բավարար տեմպերով չի հայտնաբերվում։ Եթե մեր բնակիչները չգիտեն աշխարհագրությունը, թե օրինակ, քաղաքի որ հատվածներից են վարակիրներ հայտնաբերվել, որ մարզերի որ քաղաքից կամ գյուղից է, բնակչության այդ հատվածը չի կարող բավարար զգոնություն ունենալ։ Մենք խնդիր ենք ունենում թերի տեղեկացվածության հետ, այդ թերի տեղեկացվածությունը կարող է հանգեցնել վարակի օրըստօրե տարածման»,- նշեց նա։
Գևորգ Գրիգորյանի խոսքով՝ «COVID-19 Հայաստան» փաստահավաք խումբը բավականին լուրջ փաստեր է հավաքագրել տարբեր խախտումների վերաբերյալ՝ թե՛ առողջապահական որոշակի գործընթացների, թե՛ մարդու իրավունքների տեսանկյունից։ Փաստահավաք խումբը, սակայն, նախատեսում է դա հրապարակել այն ժամանակ, երբ արտակարգ դրությունը կդադարեցվի։
«Արտակարգ իրավիճակի հետ կապված փաստահավաք խումբը որդեգրել էր քաղաքականություն, որ իշխանությանը չքննադատի և, այսպես ասած, չհակասի, որպեսզի իշխանությունը կարողանա իր ռեսուրսը կենտրոնացնել և խնդիրները լուծել, որոնք ծառացած են թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության, թե՛ բոլորիս առջև։ Սակայն տեսնելով անգամ տանը մնալու պայմաններում մեր երկրում վարակակիրների աճի տեմպը, որոշեցինք հասկանալ՝ ինչն է խնդիրը։ Պարզեցինք, որ շատ դեպքերում պարետատունը թաքցնում է վարակակիրների վարակակիր լինելը և դրանով իսկ ժողովրդի զգոնությունը նվազում է»,- ասաց նա։
«COVID-19 Հայաստան» փաստահավաք խումբը նախօրեին հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ իշխանությունների կողմից փորձ է արվել թաքցնել կորոնավիրուսի տարածման փաստացի վիճակը։ Առաջին փաստը, որ ներկայացրել էր փաստահավաք խումբը, վերաբերում է երկու ամսական երեխայի և նրա մոր մոտ հաստատված նոր կորոնավիրուսի դեպքը թաքցնելուն։ Մասնավորապես, մարտի 24-ից երկու ամսական երեխան և մայրը գտնվել են «Նորք» ինֆեկցիոն կլինակական հիվանդանոցում, կորոնավիրուսի թեստավորման դրական պատասխանը ստացվել է մարտի 25-ին, այդուհանդերձ, մարտի 26-ին Արսեն Թորոսյանը հերքել է այդ տեղեկությունը՝ փորձելով թաքցնել իրական պատկերը, և միայն մարտի 27-ին է հաստատել դեպքը, երբ մամուլում հրապարակվեց այն մասին, որ երեխայի ծնողները զրուցել են լրագրողի հետ:
Հաջորդ դեպքը վերաբերում է մարտի 26-ին «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում միակողմանի թոքաբորբից մահացած, Ալափարս գյուղի բնակչուհի 59-ամյա Մ.Գ.-ին: Այս մահը չգրանցվեց որպես կորոնավիրուսային մահ և մահվան պատճառը նշվեց ինֆարկտ: Մարտի 26-ին մեկուսացվեցին Մ.Գ.-ի ամուսինն ու որդին, իսկ մարտի 27-ին նրանց կորոնավիրուսի թեստավորման պատասխանները դրական էին: Այդուհանդերձ, կնոջ մահը չներառվեց կորոնավիրուսային մահերի դեպքերի մեջ:
Այս պահի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 921 դեպք։ Գևորգ Գրիգորյանը համոզված է, որ Հայաստանի առողջապահական համակարգը կկարողանա նույնիսկ այդ թվի կրկնապատիկի ժամանակ կոլափսի չենթարկվել՝ հաշվի առնելով բուժաշխատողների պոտենցիալը և ունակությունները։
«Խնդիրը կայանում է նրանում, որ համակարգային կոնկրետ քայլերն ավելի շատ խանգարում են բուժաշխատողներին։ Այն, ինչն արվում է այսօր, բավականին ժամանակավրեպ է։ Այն, ինչը պետք է արվեր, արվում է մոտ 15 օր ուշացումով։ Նույն հիվանդանոցների վերապրոֆիլավորումները, բուժանձնակազմի վերապատրաստումը և կրթումը։ Այսինքն, այսօրվա պայքարի իմիտացիան ստեղծում է ռիսկեր մարդկային կյանքերի համար և դրանք արդարացված չեն լինում»,- ասաց «COVID-19 Հայաստան» փաստահավաք խմբի անդամը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում