Կարանտինի պատճառով չեմ աշխատում, շենքում բոլորս սոված-ծարավ նստած են
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, Tert.am: Արարատի մարզի Արարատ քաղաքի երաժշտական դպրոցի հին շենքում բնակվող 5 ընտանիքները՝ ընդհանուր 12 բնակչով, անելանելի վիճակում են, շենքում ո՛չ ջուր կա, ո՛չ գազ, ո՛չ կենցաղային տարրական պայմաններ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց այդ շենքի բնակչուհի Լուիզա Խլխաթյանը:
Նա ապրում է շենքի՝ 7 քմ տարածքով սենյակում: Հարևանությամբ մայրն ու եղբայրն են ապրում, վերջինս հաշմանդամություն ունի:
Նշված շենքը, որը, ըստ Խլխաթյանի, կիսաքանդ վիճակում է, պետական տարածք է: Խլխաթյանի ընտանիքը տարիներ առաջ բնակվել է Երևանում, հետո Արարատում երաժշտական դպրոցի շենքում բնակարանը գնել է մի կնոջից, հետագայում պարզվել է՝ տարածքը վերջինիս սեփականությունը չի եղել, իսկՈստիկանության միջոցով հնարավոր է եղել վերադարձնել վճարված գումարի մի մասը միայն:
Բնակչուհու խոսքով՝ շենքում ապրելու համար պայմաններ չկան, ու հատկապես խնդրահարույց է խմելու ջրի հարցը:
«Ջուր չկա շենքում, հեռվից ենք գնում, ջուր բերում: Տարածքում առնետներ են, բակում օձ կա: Մինչև արտակարգ դրությունը աշխատում էի Երևանում, հիմա տրանսպորտ չկա, ես էլ կարանտինում եմ: Բոլորս սոված-ծարավ նստած ենք: Շենքի բոլոր բնակիչներն էլ նույն խնդրի առաջ են կանգնած: Կարանտինային պայմաններում խնդիրներն ավելի մեծ են: Ջուր չկա, մենք անգամ լողանալ չենք կարող»,- ասաց նա:
Խլխաթյանի խոսքով՝ բազմիցս դիմել են Արարատի քաղաքապետարան՝ խնդրելով տարածքը դարձնել հանրակացարանային, որպեսզի կարողանան սեփականաշնորհել և փորձել ջրի խնդիրը լուծել, սակայն որևէ գործողություն չի ձեռնարկվել:
«Քաղաքապետը միայն երկու անգամ է արձագանքել դիմումներիս՝ մի անգամ տրամադրելով 10 000 դրամ, մի անգամ՝ 20 000 դրամ՝ 15 տարվա մեջ: Այդ գումարը հարցի լուծում չէ»,- ասաց Լուիզա Խլխաթյանը:
Արարատի քաղաքապետի հետ կապ հաստատել չհաջողվեց:
Հեղինակ՝ Մարիամ ՍԱՐԳՍՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում