«Շախտյորի» ֆուտբոլիստ. «Հ. Մխիթարյանը կազմակերպում էր թիմի խաղը ոչ միայն հարձակման գծում, այլ նաեւ պաշտպանությունում»»

Դոնեցկի «Շախտյոր»-ի նախկին հայտնի ֆուտբոլիստ Վիկտոր Գրաչեւը, մեկնաբանելով «Շախտյոր»- «Սպարտակ» խաղը, անդրադարձել է նաեւ Հենրիխ Մխիթարյանին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Terrikon-ը, նա նշել է, որ դոնեցկյան ակումբի խաղի վրա մեծ ազդեցություն է ունեցել Հենրիխ Մխիթարյանի եւ Ֆերնանդինյոյի բացակայությունը:

«Լուչեսկուն հիմա տարբերակներ է փորձում, աշխատանքներ է տանում թիմի խաղը բարելավելու համար, քանի որ Ֆերնանդինյոյի հեռանալուց հետո կենտրոնական գոտում խնդիրներ կան: Բացի այդ, թիմի հետ չէ նաեւ Հենրիխ Մխիթարյանը, ով կազմակերպում էր թիմի խաղը ոչ միայն հարձակման գծում, այլ նաեւ պաշտպանությունում»,- ասել է Գրաչեւը:

Նա նշել է, որ Մխիթարյանը եւ Ֆերնանդինյոն «Շախտյոր»-ի առանցքային խաղացողներից էին, եւ նրանց բացակայությունն անպայման կզգացվի:

Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հունիսի 23-ին պետք է միանար Ավստրիայում ուսումնամարզական հավաք անցկացնող «Շախտյոր»-ին, սակայն մինչ օրս նա չի միացել իր ակումբին: Ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում եվրոպական մի շարք գրանդ ակումբներ: Միջազգային տարբեր լրատվամիջոցներ նշում են, որ մոտակա օրերին Հենրիխ Մխիթարյանը կդառնա անգլիական «Լիվերպուլ»-ի ֆուտբոլիստ: Գերմանական հեղինակավոր Bild պարբերականը օրերս նշել էր, որ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված է նաեւ գերմանական «Բորուսիա»-ն, որը ֆուտբոլիստի տրանսֆերի համար պատրաստ է վճարել 30 միլիոն եվրո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում