ՀՀ պատվիրակությունը Վիլնյուսում էր

Ս.թ. հուլիսի 2-ից 3-ը ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Վիլնյուս’ Եվրոպական Միության նախագահությունը ստանձնող Լիտվայի պաշտպանության նախարարության կազմակերպած ԵՄ արևելյան գործընկերության շրջանակներում «Եվրոպական ընդհանուր անվտանգության և պաշտպանական քաղաքականությանը» նվիրված սեմինարին մասնակցելու նպատակով: Միջոցառմանը մասնակցել է նաև Լիտվայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Այվազյանը:

Սեմինարի ընթացքում Դ.Տոնոյանը հանդես է եկել ելույթով, որտեղ Հայաստանի և Եվրոպական Միության միջև Արևելյան գործընկերության շրջանակներում պաշտպանական համագործակցության գոյություն ունեցող հնարավորությունների օգտագործման համար առաջարկել է մի շարք մոտեցումներ’ միջազգային այլ կազմակերպությունների’ ՀԱՊԿ, ԵԱՀԿ, ՆԱՏՕ, հետ ՀՀ համագործակցության ծրագրերի կրկնության բացառումը և փոխլրացումը ապահովելու պարագայում:

Մասնավորապես հաշվի առնելով, որ ինչպես սահմանվում է ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարությունում, միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն ուղղված ներգրավման գործընթացներին ՀՀ լիիրավ մասնակցությունը համապատասխանում է ՀՀ շահերին, նշվել է որ հաջորդ տարի նախաձեռնվելիք պաշտպանության ռազմավարական նոր վերանայման ընթացքում պաշտպանության պլանավորման նկատառումներում ԵՄ-ի հետ համագործակցության դերի հստակեցմանը լրացուցիչ ուշադրություն կհաղորդվի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում