Արմեն Աշոտյան. «Ես քաղաքական մեկնաբան չեմ, որ մեկնաբանեմ ուրիշների ասածները»

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն թալանված չէ, իսկ թալանի մասին քաղաքական գործիչների ելույթները ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը չի մեկնաբանում: Հուլիսի 3-ին լրագրողների հետ հանդիպմանն Աշոտյանը լրագրողների խնդրանքով անդրադարձավ ՀՀ Ազգային ժողովի խոսնակ Հովիկ Աբրահամյանի՝ բյուջեի միջոցների ոչ նպատակային ծախսման վերաբերյալ հնչեցրած գնահատականներին: «Բյուջեն թալանված չէ, թալան, կողոպուտ եւ լափել բառերը դուք չ? ?ք գտնի Վերահսկիչ պալատի հաշվետվության մեջ: Իսկ քաղաքական գործիչների ելույթների մասին մեկնաբանությունները կարող եք ստանալ կամ իրենցից կամ քաղաքական մեկնաբաններից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Աշոտյանը՝ հորդորելով իրենից չակնկալել Հովիկ Աբրահամյանի կամ ԱԺ պատգամավորների կարծիքների մեկնաբանություն: «Ես քաղաքական մեկնաբան չեմ, որ մեկնաբանեմ ուրիշների ասածները: Ես քաղաքական գործիչ եմ եւ ասում եմ իմ ասածը»,- ընդգծեց Աշոտյանը:

Խոսելով Հայաստանի հանրապետական կուսակցությունում հակասությունների վերաբերյալ խոսակցությունների մասին Աշոտյանն ասաց, որ բազմակարծությունն ընդունված է իրենց մոտ: «Հանրապետական կուսակցությունը կլոնների կուսակցություն չէ: Մենք անհատների եւ անհատականությունների կուսակցություն ենք, որոնք կարող են նաեւ իրարից տարբերվել եւ անհրաժեշտ է, որ իրարից տարբերվեն»,- ասաց Աշոտյանը՝ հավելելով, որ իրենց միավորող հարցերն ավելի շատ են, քան տարանջատոողները:

ԿԳ նախարարը ցավով արձանագրեց, որ Հայաստանում թուլացած ընդդիմության պարագայում իշխանությունը պետք է ստեղծի բազմակարծության եւ քննարկումների առավել մեծ հնարավորություններ: Աշոտյանը նշեց, սակայն, որ բազմակարծությունն ընդունելի է մինչեւ որոշումների կայացման փուլը:

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը վերջերս, Վերահսկիչ պալատի հաշվետվության առթիվ, ՀՀ կառավարությանը հորդորել է քայլեր ձեռնարկել թալանով ու կեղծիքներով զբաղված անձանց պատժելու ուղղությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում