«Փաստ». «Ո՛չ մեխանիզմներ են մշակված, ո՛չ էլ, կարծես թե, առանձնապես նկատվում է նման ցանկություն»

«Փաստ». «Ո՛չ մեխանիզմներ են մշակված, ո՛չ էլ, կարծես թե, առանձնապես նկատվում է նման ցանկություն»

«Փաստ» օրաթերթը գրում է

Համաճարակային այս պայմաններում կառավարությունը հորդորում է բոլոր տեսակի գործողությունները հնարավորինս կատարել առցանց տարբերակով, մասնավորապես՝ կոմունալ և այլ տեսակի վճարումներ, բանկային փոխանցումներ, տարբեր տեսակի դիմումների ընդունում և այլն:

Կան մի շարք հիմնարկներ ու գերատեսչություններ, որոնք վաղուց արդեն շատ գործարքներ կատարում են առցանց տարբերակով, սակայն որոշներն էլ շարունակում են գործել հին տարբերակով՝ կատարելով ահռելի չափերի փաստաթղթաշրջանառություն:

Պետք է նշել, որ ոչ միայն կարևոր է, որ առցանց համակարգերը մշակվեն, այլ դրանք սկսեն գործել: Վերջերս բախվեցի մի իրավիճակի, երբ սոցիալական ապահովության ծառայության կայքում մուտքագրեցի թաղման նպաստի ստացման օնլայն դիմում:

Բոլոր տվյալները լրացնելուց հետո սպասում էի համապատասխան նամակի, որ դիմումը հաստատվել է, սակայն իմ հարցմանը պատասխան այդպես էլ չստացա: Զանգահարեցի ծառայության գրասենյակ, որտեղից առաջարկեցին այցելել ծառայության տարածքային բաժանմունք՝ տեղում դիմում գրելու: Հենց այդպես էլ վարվեցի:

Նման մի իրավիճակում է հայտնվել նաև ծանոթներիցս մեկը, որը նույն կայքում մուտքագրել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի դիմումը:

Բոլոր տվյալները լրացնելուց հետո նրա դիմումը մերժվել է՝ քանի որ «երեխայի տվյալները չեն հայտնաբերվել ՔԿԱԳ-ում»:

Հետո արդեն նա ստիպված է եղել 3 ամսական երեխայի հետ այցելել սոցիալական ծառայության գրասենյակ, մի քանի ժամ հերթ կանգնել, դիմում գրել: Այսինքն՝ հայտնվում ենք մի իրավիճակում, երբ դիմումներ գրանցելու օնլայն տարբերակը կա, գոյություն ունի, սակայն չի գործում:

Օրերս համացանցային տիրույթում քննարկում էր տեղի ունենում նաև մեքենայի գույքահարկի հետ կապված զրոյական տեղեկանք ստանալու հետ կապված գործընթացի շուրջ հատկապես ներկայիս պայմաններում, երբ խորհուրդ է տրվում խուսափել մարդկային կուտակումներից, պահպանել սոցիալական հեռավորություն՝ վիրուսի տարածումը կանխելու նպատակով:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից «Փաստին» տեղեկացրեցին, որ այս տեղեկանքների տրամադրումը շարունակում է իրականացվել մարզպետարանների և ՏԻՄերի միջոցով, ինչպես նախկինում:

«Վարորդի ընկեր» իրավապաշտպան ՀԿ-ի փոխնախագահ Դավիթ Պեդանյանը նշում է, որ այո, նման խնդիր կա, շատ ու շատ գործարքների կատարման ու դիմումների ներկայացման պարագայում գործում են հին տարբերակները:

«Որոշ դեպքերում գործում է, իհարկե, առցանց տարբերակը: Օրինակ՝ տեխզննման կտրոնը տրամադրում են առցանց, առաքումով, բայց միայն Երևանի գրանցում ունեցող մեքենաների դեպքում: Հիմա դեռ սովետական կարգավիճակում ենք, երբ պետք է, օրինակ՝ մեկ դիմում ներկայացնելու համար գնալ ու հասնել գրասենյակ: Ապահովագրական պայմանագրերի դեպքում վաղուց գործում է օնլայն տարբերակը:

Օնլայն տարբերակով հնարավոր է նաև բողոքարկումներ իրականացնել կամ դիմումներ ուղարկել, բայց ինչ վերաբերում է այն փոխհարաբերություններին, որոնք ենթադրում են ինչ-որ մի գույքի ձեռքբերում, փոխանցում, փաստաթղթի կամ պետհամարանիշի ստացում, այդ դեպքում գրեթե ամեն ինչ պետք է արվի համապատասխան կառույցի ներսում: Դրանց համար ո՛չ մեխանիզմներ են մշակված, ո՛չ էլ, կարծես թե, առանձնապես նկատվում է նման ցանկություն»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պեդանյանը:

Ունենք մի իրավիճակ, երբ բոլոր ոլորտները տեղափոխվում են օնլայն հարթակ, այս դեպքում, սակայն, քաղաքացիներին պետք է մատուցվեն որակյալ ծառայություններ, որպեսզի մարդիկ ստիպված չլինեն նույն գործարքի համար հավել յալ գործողություններ կատարել:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ նաև Telegram-ում