Դրոշներով քայլերթով կտոնվի Սահմանադրության օրվա հետ միավորված պետական խորհրդանշանների օրը
Նմանատիպ
Սահմանադրության օրվա հետ մեկտեղ հուլիսի 5-ին կնշվի ՀՀ պետական խորհրդանշանների օրը տոնական քայլերթով և համերգային ծրագրով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամի գլխավոր տնօրեն Պավել Սարգսյանը: «Հուլիսի 5-ին’ ժամը 18.30-ին, Ազատության հրապարակում կմեկնարկի կարճ համերգային ծրագիրը, որից հետո’ ժամը 19.00-ին, կսկսվի հիմնական քայլերթը»,-ասաց Պավել Սարգսյանը: Դր ոշներով քայլերթը կանցնի Սայաթ-Նովա փողոցով, Ֆրանսիական հրապարակով, Մաշտոցի պողոտայով, կանցնի Ամիրյանով և շրջապտույտ կանի Հանրապետության հրապարակում, որից հետո Աբովյան փողոցով, Հյուսիսային պողոտայով նորից հետ կվերադառա Ազատության հրապարակ: Հանրապետության հրապարակում քայլերթին կմիանան նաև հաշմանդամություն ունեցող մարդիկ:
Ընդհանուր պտույտը կտևի 30 րոպե, որից հետո նորից կվերսկսվի համերգային ծրագիրը, որն էլ կտևի մեկ ժամ: Պավել Սարգսյանը տեղեկացրեց, որ դրոշներով երթին կմասնակցեն պատանիներ և երիտասարդներ մարզերից ու մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններից: «Կմասնակցեն քառասունից ավելի ուսանողական խորհուրդներ, հասարակական կազմակերպություններ, ինչպես նաև սփյուռքահայրեր, ուղղակի քաղաքացիներ, ովքեր զանգահարել, հերթագրվել են, ստացել շապիկներն ու մասնակցում են»,-հավելեց նա: Քայլերթի կազմակերպչի խոսքերով’ ամեն տարի նորամուծություններ լինում են, այս տարվա նորությունը վերջում կայանալիք հագեցած ծրագրով համերգն է լինելու, որին մասնակցելու համար նոր խմբեր են դիմել:
ՀՀ կառավարությունը հուլիսի 4-ի նիստի ժամանակ հավանություն է տվել «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին’ ՀՀ մշակույթի նախարարի առաջարկությամբ, որով հուլիսի 5-ին, Սահմանադրության օրվա հետ մեկտեղ, պետք է նշվի նաև պետական խորհրդանշանների օրը: Որոշումը սահմանված կարգով կներկայացվի Ազգային Ժողովի հաստատմանը:
«ՀՀ դրոշի մասին» և «ՀՀ զինանշանի մասին» օրենքներն ընդունվել են 2006թ. հունիսի 15-ին: 2010 թվականին հունիսի 15-ին Հայաստանում առաջին անգամ նշվեց ՀՀ պետական խորհրդանշանների օրը եռագույնի քայլերթով, որը միավորեց տարբեր մարզերի հազար երիտասարդների ու երեխաների: Քանի որ օրն աշխատանքային էր, իսկ ոչ աշխատանքային օրերի քանակը տարվա մեջ արդեն առավելագույնն էր, այդ պատճառով որոշվեց խորհրդանշանների տոնը նշել հենց Մայր օրենքի օրվա հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում