«Անդրանիկ Քոչարյանն այդ սրիկաների շարքում առաջին տեղերում է կանգնած». Հրանտ Մելիք-Շահնազարյան
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, 168.am: «Դա մոբիլիզացված բանակ է և կարող է ամեն պահի զորավարժություններից անցնել բուն մարտական գործողությունների, և եթե դու առաջնագծում ունես թշնամու կուտակումներ, այն էլ՝ տեխնիկայով զինված, առնվազն պետք է չափազանց զգույշ լինել և հետևել, որպեսզի իրավիճակը դուրս չգա զորավարժությունից»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում այս մասին ասաց «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
«Մենք վերջին շրջանում ականատես ենք լինում Թուրքիայի ներթափանցմանը Հարավային Կովկաս, և եթե նախկինում Թուրքիայի այդ ակտիվությունը կանխվում էր մի շարք գործոններով՝ տարածաշրջանային կամ արտատարածաշրջանային, ապա այսօր կարծես թե որևէ խոչընդոտ Անկարան չի տեսնում: Եվ ըստ էության, նրանք անցնում են այդ ներթափանցման երկրորդ փուլին, և այստեղ խոսքը ոչ միայն քաղաքական, այլև ռազմաքաղաքական դերակատարության մասին է: Իհարկե, թուրք-ադրբեջանական զորավարժություններ նախկինում էլ են եղել, բայց հիմա, երբ տարածաշրջանն իսկապես լարված է, նախապատերազմական շրջանում ենք և համադրում ենք, թե ինչ իրավիճակում է նախաձեռնում ադրբեջանաթուրքական զորավարժությունները, ապա կարող ենք ասել, որ սպառնալիքը դառնում է ռազմաքաղաքական»,- ընդգծեց քաղաքագետը:
Ինչ վերաբերում է իշխանության ներկայացուցիչների կողմից տավուշյան մարտերի և ապրիլյան պատերազմի համեմատություններին, նա նշեց, որ այդ համեմատությունների հիմքում դրված է իշխանության ներկայացուցիչների կերպարի սրիկայությունը.
«Այս իշխանությունն ուզում է ցույց տալ, որ ինքը պատերազմ հաղթող իշխանություն է՝ հակառակ այն իշխանության, որն իբրև պարտվել է ապրիլյան պատերազմը: Այս մոտեցումներում երեսպաշտությունն ու սրիկայությունն այնքա՜ն շատ է, և գործունեության հետ չհամաձայնող մարդկանց լռությունը, որոնք հաշվի են առնում այն փաստը, որ պատերազմի վտանգ կա, երևում է՝ ավելի է իրենց լեզուներին ազատություն տվել, և սկսել են ամենակեղտոտ ստերով, համեմատություններով մեղադրանքներ ուղղել բանակը կերտող այն մարդկանց հասցեին, որոնք և՛ 2016թ․, և՛ 2020թ. փայլուն կատարել են իրենց առջև դրված խնդիրները»:
Իմքայլական պատգամավոր, ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հետևյալն էր ասել. «Այս ամբողջ ոգևորությունը, որը ոչ միայն Տավուշի երրորդ կորպուսի զինծառայողների մոտ է, ամբողջ Զինված ուժերում, Սփյուռքում, Հայաստանում, նույնիսկ ծիրանի առքուվաճառքի ընթացքում, ճիշտ հասկացեք՝ սա ազգային միասնության որոշակի դրսևորում է, իսկ դա նշանակում է, որ 2016թ. հետո մեր երկիրը պետք է այդ փոքրիկ անհաջողությունը շտկեր մեկ այլ տեղ հաջողությամբ: Հիմա հաջողությունն ինքն իր ոտքով եկավ մեր սահմանների մոտ և հանդիպեց մեր Զինված ուժերի ավելի կառավարելիության մակարդակի, և ձեռքբերումները շոշափելի են, բայց չուզողներն էլ՝ ինչքան ուզեք. Բայղուշների մի խումբ է ստեղծվել, որոնց մեջ կան և՛ նախկին վարչապետներ, և՛ անվտանգության ծառայության նախկին պետեր, և՛ նախկին պաշտոնյաներ…»:
Պատգամավորի այս գնահատականի վերաբերյալ Հրանտ Մելիք-Շահնազարյանն ասաց. «Ես արդեն տվեցի բնութագրումը նման գնահատականների, և Անդրանիկ Քոչարյանն այդ սրիկաների շարքում առաջին տեղերում է կանգնած, մարդկանց, ովքեր փորձում են նույնիսկ ազգի ամենանվիրական ապրումները ծառայեցնել իրենց նեղ քաղաքական շահերին, խոսում են միասնականության ոգու մասին և դա հակադրում են այլ իրավիճակների, որտեղ նույն այդ միասնականության ոգու շնորհիվ կարողացել ենք հասնել փառահեղ հաղթանակների. խոսքս հենց ապրիլյան պատերազմի մասին է»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում