«Շիրակ»-ը պարտվեց «Տրե Պենե»-ին, բայց կշարունակի պայքարը Չեմպիոնների լիգայում

Գյումրիի «Շիրակ»-ը Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում խայտառակ պարտություն կրեց Սան Մարինոյի չեմպիոն «Տրե Պենե»-ից՝ 0:1 հաշվով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ գյումրեցիներից ինքնագոլի հեղինակ է դարձել Սամուել Կյերեն: Սան-Մարինոյում Հայաստանի չեմպիոնը ցուցադրել է անկազմակերպ խաղ, մեծ է եղել փոխանցումների խոտանը:

Չնայած դրան՝ շիրակցիներն ունեցել են հանդիպումը փրկելու 5-6 իրական գոլային պահեր, սակայն տարբեր դիրքերից վրիպել են Ֆոֆանա Բեկոն և Դամե Դիոպը:

Ի դեպ, սիրողական մակարդակ ունեցող «Տրե Պենե»-ի ֆուտբոլիստները ևս հնարավորություն են ունեցել կրկնապատկելու հաշիվը, սակայն տուգանայինից կատարած մրցակցի հարվածից հետո գերազանց խաղ է ցուցադրել դարպասապահ Արթուր Հարությունյանը:

Չնայած պարտությանը՝ Հայաստանի չեմպիոնը դուրս է եկել Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի 2-րդ փուլ, քանի որ նախորդ շաբաթ Գյումրիում կայացած թիմերի առաջին խաղում «Շիրակ»-ն առավելության էր հասել 3:0 հաշվով:

Հեթ-տրիկի հեղինակ էր դարձել Ֆոֆանա Բեկոն:

Երկրորդ փուլում մեր թիմը հանդիպելու է անհամեմատ ուժեղ մրցակցի՝ Սերբիայի չեմպիոն «Պարտիզան»-ին: Թիմերի առաջին հանդիպումը կայանալու է հուլիսի 16-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում