Ամուլսարում Ջերմուկ տանող ճանապարհը բացվեց, բողոքի ակցիան կշարունակվի վաղը (տեսանյութ)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.am: Քիչ անց ակտիվիստները որոշեցին հրավիրել Վայոց Ձորի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանին, որպեսզի լսեն նաև նրա տարբերակը: Գևորգ Ազիզյանն ասաց, որ որոշակի քննարկում են ունեցել իրավիճակը հանգուցալուծելու համար, և հավելեց․
«Այս պահին դեռ քննարկվում է վագոն-տնակի տեղաշարժման հարցը, բայց խոսք չեմ տալիս, որ հիմա այդ հարցը կլուծվի: Բացի այդ, վաղը ձեր խումբը գնա կառավարություն և այդ հարցի հետ կապված քննարկում կունենա, այնտեղ կպարզաբանվի, որ այս պահին հանքի շահագործման որոշում չկա, պարզապես հիմա չեմ ուզում դուրս գալ իմ լիազորություններից որպես ոստիկանապետ: Այս է հարցը, ինչ վերաբերում է տեղաշարժմանը, ես բազմիցս նշել եմ, որ տնակների տեղադրման հետ կապված կա կոնկրետ քրեական գործ, հիմնավոր կասկածներ կան, որ ապօրինի են, բայց ես կրկին իրավասություն չունեմ գործի մանրամասների մասին բարձրաձայնելու»:
Գևորգ Ազիզյնանն ասաց, որ հնարավորության սահմաններում կարող է աջակցել, որպեսզի նախաքննությունն արագացվի, որպեսզի վերջնական որոշում ունենան, իսկ մինչ այդ նա ասաց, որ եթե հնարավորություն ունենար իրավական առումով տեղաշարժել տնակները կամ խոչընդոտել դրանց այստեղ գտնվելը, ապա դա կաներ: Հարցին՝ ով ունի այդ իրավունքը, Ազիզյանն ասաց՝ սեփականատերը: Նա նշեց, որ ուզում է բոլորի համար հասկանալի լինի, որ խնդրի լուծմանն իրավական առումով հնարավոր է հասնել: «Այսօր տղաները եկել են և նյարդայնացած փորձել են գույքին վնաս հասցնել, դա բերելու է իրավական հետևանքների»,-ասաց Ազիզյանը:
20։55
Վագոն-տնակներն իրենց նախկին վայր տեղափոխելու մասին ակտիվիստների պահանջը ոստիկանությունը կամ պահնորդական ծառայությունը չի քննարկում: Այս մասին Ամուլսարում ցուցարարներին հայտնեց բնապահպան Շիրակ Թորոսյանը:
Նա ասաց, որ որպես կոմպրոմիսային տարբերակ ասել են՝ թողերեկ գիշեր տեղափոխված վագոն-տնակը վերադարձնեն նույն տեղը, սակայն ոստիկանության Վայոց Ձորի բաժնից հայտնել են, որ այդ տարբերակը չի քննարկվում: Նա առաջարկեց հանրային քննարկում անցկացնել և որոշել իրենց հետագա անելիքները, սակայն տեղում որոշեցին, որ վագոն-տնակները, որոնք պատկանում են «Լիդիան Արմենիա»-ին, հրելով հետ են տանում առաջ բերված հատվածից:
19։01
Ջերմուկի՝ Ամուլսարի տարածքից տասը քաղաքացի բերման է ենթարկվել ոստիկանության բաժին: Այս մասին Tert.am-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար Ամուլսարի տարածքից 10 անձ բերվել է ոստիկանություն»,- նշել է նա։
Նշենք,որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածը սահմանում է՝ ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը:
18։23
«Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանը բերման ենթարկվեց Ամուլսարի պահնորդական կետի տարածքից, որտեղ հանքի շաագործման դեմ պայքարող քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում:
Այնտեղ էր նաև Վահագն Վարագյանը, ով նախքան բերման ենթարկվելը Վայոց Ձորի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանի հետ երկխոսություն ունեցով և նրան հորդորեց իր հետ «դու»-ով չխոսել և բացել ճանապարհը: Այդ երկխոսությունից հետո քիչ անց Վարագյանը բերման ենթարկվեց: Հանքի շահագործման դեմ ակցիան շարունակվում է, քաղաքացիները հորդորում են ոստիկանությանը ուժ չկիրառել:
Ավելի ուշ Վահագն Վարագյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ իրեն և Ռաֆայել Հովհաննիսյան բռնի ուժով բերման են ենթարկում Վայքի ոստիկանության բաժին:
18։00
Ամուլսարի երկրորդ հենակետի մոտ լարված իրավիճակը շարունակվում է: Բախում տեղի ունեցավ ոստիկանների և երթի մասնակիցների միջև:
Այնտեղ է նաև ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը, ով նշեց, որ այնտեղ է գնացել բախումների վտանգը թուլացնելի համար:
Ոստիկանների և քաղաքացիների միջև բախումից հետո ոստիկանները մասսայաբար սկսեցին բերման ենթարկել երթի մասնակիցներին:
Այնտեղ է նաև Վայոց Ձորի մարզի ոստիկանապետը:
Քաղաքացիներն ավոտերթ են իրականցնում դեպի Ամուլսար՝ ընդդեմ հանքի շահագործման, նրանք հասել են երկրորդ հենակետին, որտեղ բազմաթիվ ոստիկաններ կան: Վերջիններս թույլ չեն տալիս ավտոերթի մասնակիցներին շարժվել առաջ:
Ոստիկանները հորդորեցին երթի մասնակիցներին չփակել ճանապարհի երթևկելի մասը:
Երթի մասնակաիցները Լիդիանի պահնորդներին ասացին, որ իրենք 15 հոգի չեն: Ոստիկանները պատ են կազմել և թույլ չեն տալիս երթի մասնակիներին անցնել պահնորդական ծառայության աշխատակիցների մոտ:
Երթի մասնակիցների մոտից սպառնալիքներ են հնչեցվում պահնորդների ուղղությամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում