ՀՀԿ-ն դեռ չի քննարկել Վահե Հակոբյանին փոխարինողի հարցը
Նմանատիպ
Հայաստանի հանրապետական կուսակցությունը դեռ չի քննարկել, թե ով է փոխարինելու Վահե Հակոբյանին Ազգային ժողովում:
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը:
«Համապատասխան քննարկում կանցկացվի և որոշ կկայացվի, թե ով է փոխարինելու Վահե Հակոբյանին»,- նշեց Սահակյանը:
Այն դիտարկմանը, թե հնարավոր է արդյոք, որ հարցը քննարկվի ՀՀԿ գործադիր մարմնի հուլիսի 11-ի նիստում, Սահակյանը ասաց, որ չի կարող հստակ ասել:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը հունիսի 10-ին Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակեց Ազգային ժողովի հանրապետական խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանին: ՀՀ ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանին Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակելու առաջարկը ՀՀԿ գործադիր մարմնի նիստում արել էր ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը: Վահե Հակոբյանը Սյունիքի 5-րդ մարզպետն է: Սյունիքի մարզպետարանը ձևավորվել է 1996-ին’ «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքի համաձայն։
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն իր տան մոտ տեղի ունեցած միջադեպից հետո նախ հայտարարել էր, թե ժամանակավորապես վայր է դնում մարզպետի իր լիազորությունները, այնուհետ հրաժարականի դիմում էր ներկայացրել, որը կառավարությունը հաստատել է հունիսի 6-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում