Ֆինանսավորումը դադարեցված է. Մարալիկի ԱԿ-ի տնօրենի ԺՊ-ն կարդաց դիմումի պատասխանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.am: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մարալիկի առողջության կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անուշ Հովսեփյանը ներկայացրեց, որ մեկ շաբաթ առաջ դիմում-խնդրանքով դիմել են վարչապետին և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը պատասխանել է մեզ, թե մեր գրությամբ բարձրացված հարցը ուսումնասիրել է Առողջապահության նախարարությունը: Միաժամանակ Առողջապահության նախարարության մասնագիտական խումբը ՀՀ-ում իրականացրել է մանկաբարձական ծառայությունների ուսումնասիրություն, վերլուծություն, մակարդակավորում, և վերանայվել են նախկինում տրված մակարդակները:
Արդյունքում՝ հանրապետության ծննդօգնության ծառայություն իրականացնող բուժհիմնարկները դասակարգվել են երեք մակարդակների: Առաջինի համար սահմանվել են տարեկան առնվազն 150 ծննդօգնության առկայություն, կառուցվածքի ու կարողությունների պարտադիր մի շարք պահանջներ:
Ըստ դիմումի պատասխանի՝ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ «Մարալիկի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության մանկաբարձական բաժանմունքի աշխատանքները բազմաթիվ չափորոշիչներով չեն համապատասխանում մանկաբարձական բուժօգնության նվազագույն առաջին մակարդակի պահանջներին, միաժամանակ Մարալիկի տարածքի բնակչությունը մանկաբարձական բուժօգնության համար կարող է դիմել Ախուրյանի «Մոր և մանկան կենտրոն», Գյումրու ծննդատուն, Արթիկի առողջության պահպանման կենտրոն:
Անուշ Հովսեփյանն ընթերցեց նաև, որ կանանց կոնսուլտացիաները կարող են շարունակվել Մարալիկի ծննդատանը, սակայն ըստ նրա՝ չի շարունակվելու, քանի որ ծննդկանը կգնա այնտեղ, որտեղ որ ծննդաբերելու է: Ըստ Հովսեփյանի ընթերցած դիմումի՝ նրանք միայն ստացել են հունվար ամսվա աշխատավարձը:
Դիմումում նշվում է նաև, որ գերակա խնդիր համարելով հղիների, ծննդկանների ու բժշկական անձնակազմի անվտանգությունը՝ Առողջապահության նախարարությունը նպատակահարմար չի համարում նմանատիպ ԲԿ-ներում ծավալել մանկաբարձական ծառայություններ: Հիմք ընդունելով սա՝ Առողջապահության նախարարությունը մանկաբարձական ծառայության մասով ընկերության հետ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման պայմանագիր չի կնքել, հետևաբար՝ նշված ծառայության մատուցման դիմաց Առողջապահության նախարարությունը ֆինանսավորում չի կարող իրականացնել:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում