Հայաստանից դուրս գտնվող մշակութային ժառանգության ոչնչացման դեմ պետք է պայքարել բոլոր ուղիներով. Գագիկ Գյուրջյան
Նմանատիպ
Սիրիայում պատերազմի հետևանքով տուժել է մեկ հայկական եկեղեցի և, ի տարբերություն սիրիահայ բնակչության կրած վնասների, մշակութային արժեքների վնասները մեծ չեն: Հուլիսի 11-ին կայացած ասուլիսում այս մասին նշեց ԻԿՕՄՕՍ- Հայաստանի նախագահ, Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը: «Մշակութային ժառանգության ոչնչացման տեսանկյունից կարևորը քանակը չէ, այլ դրանց արժեքը: Կարող է մեկ հատ լինել, բայց շատ արժեքավոր, այնպես որ հատերով գնահատելու կողմնակից չեմ»,- ասաց Գագիկ Գյուրջյանը: Նա ընդգծեց, որ մշակութային ժառանգությունը վերաբերում է ոչ միայն հուշարձաններին, այլև շարժական և ոչ շարժական ժառանգությանը’ գրադարաններին, թանգարաններին, արխիվներին:
Գագիկ Գյուրջյանի խոսքով’ Թուրքիան և Ադրբեջանն առանձնանում են հայկական մշակութային արժեքների նկատմամբ ընդգծված մշակութային վանդալիզմի դրսևորմամբ: «Որպես վիճակագրություն կարող եմ ասել, որ ամբողջ Նախիջևանի տարածքում ոչ մի հայկական մշակութային ժառանգություն չի մնացել: Իսկ Թուրքիայում վանդալիզմի երևույթները միշտ եղել են ու շարունակվելու են, քանի դեռ մենք չունենք պաշտոնական հարաբարեություններ, որի միջոցով կարողանանք այդ հարցերը կարգավորել»,- հավելեց Գագիկ Գյուրջյանը: Նրա հավաստմամբ’ Թուրքիայի ԻԿՕՄՕՍ-ը շահագրգիռ է պահպանել ցանկ ացած մշակութային արժեք’ անկախ նրանից դա մուսուլմանական է, թե քրիտոնեական: Վանդալիզմի դրսևորումն ավելի շատ քաղաքական խնդիր է, քան’ մշակութային: Այս ամենի ելքը Գագիկ Գյուրջյանը տեսնում է նրանում, որ սեփական երկրում նախ պետք է մշակութային արժեքները պահպանել, ինչպես նաև խնդիրը հարկավոր է բարձրացնել ոչ միայն ՀԿ-ների մակարդակով, այլև’ պետական: «Մենք պետք է ակտիվ լինենք, փորձենք մեր ուժերը օգտագործել մեր ժառանգությունը փրկելու համար»-եզրափակեց Գագիկ Գյուրջյանը:
Թուրքիան 19-րդ դարի վերջից սկսած իրականացնում է հայկական մշակութային ժառանգության մաս կազմող եկեղեցիների, հուշարձանների, պատմամշակութային կոթողների, գերեզմանատների վերացման քաղաքականություն: Նույն գործունեությունն է ծավալում նաև Ադրբեջանը, մասնավորապես, ոչնչնացրել է Հին Ջուղայի հայկական գերեզմանոցի հազարավոր եզակի խաչքարերն ու տապանաքարերը. դրանով նրանք ավարտին հասցրին վերջին երկու տասնամյակում Նախիջևանի և ողջ Ադրբեջանի տարածքի հայկական քրիստոնեական մշակութային ժառանգության իսպառ ոչնչացման պետական քաղաքականությո ւնը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում